Եվրամիությունը Apple-ից պահանջել է դադարեցնել աշխարհագրական սահմանափակումը App Store, Apple Arcade, Music, iTunes Store, Books և Podcasts հարթակներում։ Այն սահմանափակում է բովանդակության հասանելիությունը՝ կախված օգտատիրոջ աշխարհագրական դիրքից, գրում է Reuters-ը։
ԵՄ բարձրագույն կարգավորող մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնել է, որ հայտնաբերել է Apple-ի որոշ մեդիա ծառայությունների վրա արգելված աշխարհագրական սահմանափակման կիրառումը և սպառնացել, որ քայլեր կձեռնարկի ազգային կարգավորող մարմինների կողմից, եթե Apple-ը չհրաժարվի նման գործողություններից, որոնք խախտում են եվրոպական օրենքը:
«Մենք ակտիվացնում ենք գեոբլոկավորման դեմ պայքարը։ Ոչ մի ընկերություն, մեծ թե փոքր, չպետք է խտրականության ենթարկի օգտատերերին՝ ելնելով նրանց ազգությունից, բնակության վայրից կամ գտնվելու վայրից»,- ասել է մրցակցության և թվային տնտեսության եվրոպական հանձնակատար Մարգրետ Վեստագերը։
ԵՄ-ն Apple-ին մեկ ամիս ժամանակ է տվել՝ հայտնաբերված խնդիրը վերացնելու համար։
Նշենք, որ նախկինում Valve-ը և տեսախաղերի հինգ հրատարակիչները, այդ թվում՝ Bandai Namco-ն, Capcom-ը, Focus Home-ը, Koch Media-ն և ZeniMax-ը, նույն խնդրի համար տուգանվել էին ընդհանուր 7,8 միլիոն եվրոյով: Valve-ի կողմից Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանում 1,6 միլիոն եվրո տուգանքը բողոքարկելու փորձը ոչնչի չի հանգեցրել։