Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ խոսել է արհեստական բանականության արտադրանքի պահանջարկի կտրուկ աճի մասին։ Նա ակնկալում է, որ Anthropic-ը մինչև 2026 թվականը կունենա ավելի քան 1 միլիոն պրոցեսոր, որոնք կաջակցեն AI տեխնոլոգիաներին: Ամոդեյը կանխատեսում է նաև, որ արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային ինտելեկտը մոտակա մի քանի տարիների ընթացքում, ինչն, ըստ նրա, իր հետ կբերի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։
Anthropic-ը գտնվում է աշխարհի ամենահզոր արհեստական բանականության տեխնոլոգիան ստեղծելու շարունակական մրցավազքի կենտրոնում: Նախորդ տարի ընկերության հասույթն աճել է 10 անգամ։
Ընկերությունը ծրագրում է մոտ ապագայում հավաքել ևս 2 միլիարդ դոլարի ներդրում, իսկ նրա շուկայական արժեքը կկազմի 60 միլիարդ դոլար:
Նշենք, որ AI ընկերությունները գնալով ավելի հաճախ են համագործակցում պետական կառույցների հետ, տրամադրում իրենց տեխնոլոգիաները՝ ազգային անվտանգությանն աջակցելու նպատակով: Նոյեմբերին Anthropic-ը հայտարարել էր Amazon Web Services-ի և Palantir Technologies-ի հետ ռազմավարական համագործակցության մասին: Այս համագործակցության նպատակն է Կլոդ մոդելները տրամադրել ԱՄՆ պաշտպանական և հետախուզական գործակալություններին:
Anthropic-ը ակնկալում է առաջիկա ամիսներին թողարկել ավելի առաջադեմ AI մոդելներ: Ընկերության ծրագրերը ներառում են վեբ ինտեգրում, երկկողմանի ձայն և Կլոդի հիշողության օպտիմիզացում՝ օգտատերերի և նրանց հետ զրույցների տեղեկատվությունը պահելու համար: