Արհեստական ինտելեկտի հետազոտության առաջամարտիկ Ջեֆրի Հինթոնը, ում ԶԼՄ-ներն անվանել են «AI-ի կնքահայր», հեռացել է Google-ում իր պաշտոնից: Նա բացատրել է այս քայլը՝ որպես տեխնոլոգիայի պոտենցիալ վտանգների մասին ավելի բաց լինելու ցանկություն։
Հինթոնն իր ողջ կյանքը նվիրել է արհեստական ինտելեկտի հետ աշխատելուն՝ սկսելով ուսումնասիրել այն դեռ 1970-ականներին։ Վերջին տասը տարիների ընթացքում նա աշխատում էր Google-ում՝ մեքենայական ուսուցման ալգորիթմների վրա, սակայն այժմ նա պաշտոնապես լքել է ընկերությունը և հարցազրույց է տվել BBC-ին։
Գիտնականը կարծում է, որ մարդկությունն արդեն սկսել է դիմակայել արհեստական ինտելեկտի տարածման բացասական հետևանքներին։
Ըստ գիտնականի՝ այժմ ամեն ինչ կգնա միայն դեպի վատը։
«Հենց հիմա «նրանք» (Արհեստական բանականությունը) մեզնից ավելի խելացի չեն: Բայց ես կարծում եմ, որ նրանք շուտով կարող են լինել»:
Հինթոնը հրատապ խնդիրների շարքում նշում է «ճշմարտության» հասկացության մշուշումը` AI միջոցով ստեղծված նկարների և տեսանյութերի պատճառով, ինչպես նաև աշխատատեղերի կորուստը: Նա նաև մտահոգություն է հայտնել շարունակվող սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որն այժմ սնվում է արհեստական ինտելեկտի ներդրմամբ:
«Ես ինքս ինձ մխիթարում եմ այսպես. եթե ես դա չանեի, մեկ ուրիշը դա կաներ»,- ասել է Հինթոնը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: