Ֆինանսական և խորհրդատվական աջակցություն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրեշտակների ցանցի կողմից. հասցեատերերն են արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային հավելված Bliink-ը և Հայաստանում բժշկական ծառայությունների ամրագրման առաջին հարթակը՝ Doctor Yan-ը:
Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) միավորում է տարբեր երկրներից և ոլորտներից հայազգի հաջողակ ներդրողների ու ձեռնարկատերերի։
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը շեշտել է, որ իր ստեղծման օրվանից STAN-ը, որպես առաջին բիզնես հրեշտակների ցանց, հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրը։
«Ցանցի անդամ ներդրողները ոչ միայն ուղղակի ֆինանսական ներդրումներ են կատարում գիտելիքահեն ստարտափերում, այլև նվիրում են իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը: Նրանք հանդես են գալիս որպես մենթորներ և ստարտափերին աջակցում անհրաժեշտ կապերի հաստատման գործում»,-ասել է Օրուջյանը:
Doctor Yan հավելվածը նախատեսված է թե՛ պացիենտների, թե՛ բժիշկների համար։ Պացիենտներին այն հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այլ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի և հերթերում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակներում և հեղինակության առաջխաղացում։
Doctor Yan համակարգում այժմ գրանցված են ավելի քան 10 հազար պացիենտ և 600 գործակցող բժիշկ։
Bliink-ը, որը նաև FAST-ի նորարարության վենչուրային ծրագրի՝ InVent-ի շահառուներից է, թույլ է տալիս օգտատերերին կանխարգելել և քչացնել համակարգչով աշխատանքից առաջացած առողջական խնդիրները, ինչպիսիք են՝ աչքերի չորություն, կարմրություն, մեջքի ու պարանոցի շրջանում ցավերը: Օգտագործելով այս հավելվածը օգտատերերը զարգացնում են առողջ աշխատանքային սովորություններ ու դառնում ավելի արդյունավետ։ Bliink-ը անընդհատ ստուգում է օգտատերերի աշխատանքային վարքն ու նրանց ծանուցում ուղարկում՝ հիշեցնելով թարթել աչքերը կամ նստել ճիշտ դիրքով։ Հավելվածը նախատեսված է ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ օգտատերերի համար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։