Հայաստանի նման փոքր երկրի համար կարևոր է ունենալ ճիշտ ռազմավարություն և շեշտը դնել այն ոլորտների վրա, որտեղ կարող ենք ընդլայնվել եւ գերազանցություն ցուցաբերել: Մասնավորապես, այդպիսի ոլորտ է ՏՏ-ն:
Երևանում երեկ կայացել է «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը, որին մասնակցում էր նաև ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը:
Նրա խոսքով, գիտությունն այն ոլորտն է, որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակահատվածում:
«Ակադեմիական ոլորտի գիտություններից մինչև արտադրական արդյունաբերության ոլորտ. մեծ հետաքրքրություն կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Կարծում եմ, պետություն և մասնավոր հատված գործակցությունը հաջողության համար միշտ կարևոր է՝ հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում, որտեղ միլիարդավոր դոլարների բյուջե չկա»,- ասաց Փաթափությանը:
Նա կարծում է, որ Կառավարության դերը շատ մեծ է, և ակադեմիական ներուժը ճիշտ ուղղությամբ զարգանում է: Ներդրումներ են կատարվում գիտության և տեխնոլոգիայի ոլորտում, և բոլորի կողմից կա շահագրգռվածություն՝ ներգրավվել այս ոլորտում: Հարցին, թե Հայաստանում ինչ գործակցություն է նախատեսում, գիտնականը պատասխանեց, որ հայկական գիտական հանրույթի հետ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չունեն, բայց ուղիղ քննարկումներ են ունենում այդ թեմայի շուրջ:
«Լավագույն ձևն ինձ համար՝ օգտակար լինել գիտության հարցում, դա սեփական ներդրում ունենալն է: Դեռ մի քանի օր եմ այստեղ, կարծում եմ ամեն ինչ առջևում է»,- ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիրը:
Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել
Արտեմ Փաթափությանի խոսքով՝ ՏՏ ոլորտում Հայաստանը մեծ ներդրում ունի և արդեն կան այնպիսի ստարտափ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանը գիտական տեսանկյունից եւ դրանք հետագայում ներդրվում են կրթական ծրագրերում:
Գիտնականը նշեց, որ երկու նպատակ ունի: Առաջինը՝ լինելով ծագումով առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը, ուզում է, որ հայ երիտասարդները հետաքրքրություն ցուցաբերեն գիտության ոլորտում:
«Ուզում եմ իրենք նայեն ու մտածեն, որ եթե Արտեմը կարողացավ անել, ապա ես նույնպես կարող եմ: Սա ամենակարեւոր նպատակն է: Երկրորդը, եթե ես որեւէ գիտական կամ տեխնոլոգիական ոլորտում կարողանամ իմ ներդրումն ունենալ, ապա դա հրաշալի կլինի, այժմ ես աշխատում եմ գտնել այն ճյուղը, որտեղ կկարողանամ օգտակար լինել»,- ասաց գիտնականը:
Անդրադառնալով վերջերս տիեզերք ուղարկած հայկական առաջին արբանյակին, Փաթափությանն ասաց, որ արբանյակը շատ լավ օրինակ է, թե ինչպես ռազմավարական պլանը կարող է իսկապես շատ լավ աշխատել: Արբանյակից ստացած ինֆորմացիան շատ օգտակար կարող է լինել թե՛ պաշտպանության տեսանկյունից, թե՛ ՏՏ տեսանկյունից:
«Մյուս կողմից սա գաղտնի ինֆորմացիա է եւ չի կարող հանրայնացվել: Կարծում եմ՝ այդ տեղեկատվության օգտագործումն առաջին ռազմավարական հարցերից մեկն է Հայաստանի համար»,-ընդգծեց Արտեմ Փաթափությանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։