Ռուսաստանից ՏՏ մասնագետների հեռանալու երկրորդ ալիքը տեղի կունենա ապրիլին. արդյունաբերության 70-100 հազար ներկայացուցիչներ կլքեն երկիրը, կարծում է Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պլուգոտարենկոն։
«Առաջին ալիքը՝ 50-70 հազար մարդ, արդեն հեռացել է»,- ասել է Պլուգոտարենկոն Պետդումայի տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի ընդլայնված նիստում։ Նրա խոսքով, երկրորդ ալիքը զսպում են Ռուսաստանի Դաշնությունից թանկ ավիատոմսերը, արտասահմանում բնակարանների գների բարձրացումը, ինչպես նաև արտերկիր դրամական փոխանցումների հետ կապված դժվարությունները:
«Բայց միանշանակ երկրորդ ալիք կլինի՝ մեր կանխատեսմամբ ապրիլին 70000-ից 100000 մարդ կմեկնի։ Միայն ՏՏ ոլորտի մարդիկ»,- ասում է նա։
«Մտահղացում կար մեկնել ցանկացողներին առաջարկել տեղափոխվել մի շարք երկրներ, որոնց հետ մենք պայմանագրեր ունենք։ Օրինակ՝ Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը։ Եկեք մտածենք այդ մասին, պայմանավորվենք նրանց հետ և առաջարկենք վերաբնակեցման ճիշտ և հասկանալի կանոններ՝ հարգելով կապերը հայրենիքի հետ»,- հավելել է Պլուգոտարենկոն։
Նա նաև ասաց, որ պետք է դառնալ միջազգային խաղացողներ. այժմ ՏՏ ընկերությունները ուժեղ չեն լինի, եթե փակվեն ռուսական շուկայում, պետք է մտածեն միջազգային շուկայի մասին, այդ թվում՝ Արևելքում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։