Հայաստանում առաջին անգամ ռոբոտային հեռավար վիրահատություն է իրականացվել

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն․ Բելգիայում գտնվող վիրաբույժը վիրահատական միջամտություն է կատարել Երևանում գտնվող պացիենտի համար՝ ավելի քան 3300 կմ հեռավորությունից։

Վիրահատությունն անցկացվել է Երևանի «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում՝ հեռավար կառավարվող վիրաբուժական ռոբոտի և բարձր արագությամբ ինտերնետ կապի միջոցով։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս միջազգային մասնագետներին ներգրավվել վիրահատական գործընթացում՝ առանց ֆիզիկապես նույն երկրում գտնվելու։

Գործընթացը ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մոտրին՝ Բելգիայի Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավարը և ORSI Academy-ի գործադիր տնօրենը։ Նա Բելգիայից կառավարել է Երևանում գտնվող վիրաբուժական ռոբոտը։

Պացիենտի մոտ ախտորոշված էր շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլ։ Նրա համար իրականացվել է ռոբոտ-օժանդակությամբ արմատական պրոստատէկտոմիա։ «ՍլավՄեդի» փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է հաջող և անվտանգ։

Բժշկական կենտրոնը 2025 թվականի դեկտեմբերին արդեն իրականացրել էր Հայաստանում առաջին ռոբոտային վիրահատությունները, իսկ այս դեպքը դարձել է երկրի առաջին հեռավար ռոբոտային վիրահատությունը։

«ՍլավՄեդի» հիմնադիր Արմինե Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնը իր գործունեության սկզբից ընտրել է ժամանակակից բժշկության և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ուղին, իսկ հեռավար ռոբոտային վիրահատության իրականացումը կարևոր փուլ է այդ գործընթացում։

Վիրահատությունն իրականացվել է Toumai MT-1000 ռոբոտային վիրաբուժական համակարգի միջոցով։ Ըստ կենտրոնի՝ այն համալրված է Հայաստանում հեռավար վիրահատությունների համար նախատեսված միակ մոդուլով։ Գործընթացից առաջ կատարվել են տեխնիկական և կազմակերպչական նախապատրաստական աշխատանքներ՝ երկու բուժհաստատությունների համակարգերի համաժամեցման համար։

Վիրահատության ամբողջ ընթացքում պացիենտի կողքին՝ վիրահատարանում, եղել է «ՍլավՄեդի» ուրոլոգիական ծառայության ղեկավար Մհեր Մկրտչյանը։ Նա նշել է, որ հեռավար վիրաբուժությունը բժշկության համար նոր հնարավորություն է՝ միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում տեղում գտնվող թիմը պատրաստ էր անմիջապես շարունակել վիրահատությունը։

Պացիենտի անվտանգությունն ապահովվել է նաև պահուստային կապի միջոցներով, ինչպես նաև երկու կողմերում աշխատող ինժեներական և բժշկական թիմերի ներգրավմամբ։

«ՍլավՄեդի» ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ հեռավար վիրաբուժության համակարգը կարող է Հայաստանում պացիենտներին հասանելի դարձնել միջազգային առաջատար մասնագետների փորձը՝ նվազեցնելով արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտությունն ու դրա հետ կապված ծախսերը։

Պրոֆեսոր Մոտրին էլ կարևորել է հայաստանյան և բելգիական թիմերի համագործակցությունը՝ նշելով, որ նման վիրահատությունների համար անհրաժեշտ է բարձր մակարդակի համակարգված աշխատանք։

«ՍլավՄեդի» գնահատմամբ՝ այս վիրահատությամբ Հայաստանը միանում է այն երկրներին, որտեղ հասանելի են հեռավար ռոբոտային վիրաբուժական ծառայություններ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները