Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով աշխատող ծնողների համար սահմանվում է ծնողական ժամ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախագծով՝ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա կամ հաշմանդամության խորը և ծանր կարգ ունեցող մինչև 18 տարեկան երեխա, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը.
- մինչև 2 երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե,
- 3 և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական առավելագույնը 1 ժամ,
- մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում ունեցող երեխա ունեցող ծնողը` օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից)։
«Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է, և սա շատ երեխայակենտրոն և ծնողակենտրոն քաղաքական փոփոխություն է մեր ոլորտում»,- գրել է նախարարը։
Երաշխիքը կտրամադրվի աշխատողի գրավոր դիմումի հիման վրա․այն կներառվի աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում կպահպանվի աշխատողի հիմնական աշխատավարձը։












