Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ» զեկույցը։
Ըստ զեկույցի՝ ամենաուշագրավ ցուցանիշն արձանագրվել է պահուստների կառավարման հարցում. մայիսին ՀՀ միջազգային համախառն պահուստներն ավելացել են՝ հասնելով 5.9 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սա պատմականորեն երբևէ գրանցված առավելագույն ցուցանիշն է, որն ապահովում է ներմուծման 4.4 ամսվա ծածկույթ։ Դրական միտումներ են նկատվել նաև արժութային և զբոսաշրջային շուկաներում. մայիսին ազգային արժույթը շարունակել է արժևորվել դոլարի ու եվրոյի նկատմամբ, իսկ տուրիստական հոսքերն աճել են 10 տոկոսով։
Գնաճային միջավայրում ևս նկատվել է որոշակի մեղմացում։ Եթե ապրիլին Հայաստանում գնաճը կազմում էր 5.3 տոկոս, ապա մայիսին այն նվազել է մինչև 4.2 տոկոս՝ սննդամթերքի գների աճի տեմպի դանդաղման շնորհիվ։ Այս դրական ֆոնին երկրում արագացել է նաև տնտեսական ակտիվության տեմպը՝ կազմելով 7.1 տոկոս։ Տնտեսական աճին առավելապես նպաստել են շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում դրսևորված բարձր ակտիվությունը։
Ուշագրավ տեղաշարժեր են գրանցվել արտաքին առևտրում և պետբյուջեի հավաքագրումներում։ Ֆինանսական կայունությունը լրացվել է պետական բյուջեի հավելուրդով, որը կազմել է ՀՆԱ-ի 1 տոկոսը, թեև նախնական ծրագրով ակնկալվում էր պակասուրդ։ Բացի այդ, զգալիորեն՝ 16 տոկոսով, աճել են զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները՝ հիմնականում Ռուսաստանից և այլ երկրներից եկող ներհոսքի հաշվին։












