Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների ազատել մի շարք վարկային պարտավորություններից: Ըստ որոշման՝ կներվեն քաղաքացիների՝ մինչև 2023 թվականն ունեցած այն վարկային պարտավորությունները, որոնք փոխանցվել են պետությանը և ներկայումս գտնվում են հարկադիր կատարման փուլում:
Գործընթացը տարածվում է այն վարույթների վրա, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով։ Այս դրույթից բացառություն են կազմում միայն ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը: Վարկի հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չպիտի գերազանցի 5 միլիոն դրամը:
Այս որոշման արդյունքում քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն նաև կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից: Միաժամանակ, կվերացվեն նրանց գույքի և բանկային հաշիվների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելքները, որոնք առաջացել էին տվյալ վարույթների արդյունքում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համապատասխան վարույթները կկարճի անմիջապես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փոխանցված պաշտոնական գրությունների հիման վրա:












