Հայաստանը բացասական հույզերի ամենաբարձր հաճախականություն ունեցող երկրների առաջին տասնյակում է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երջանկության համաշխարհային զեկույցում երկրների վարկանիշը որոշվում է բացառապես հարցվողների կողմից իրենց կյանքի ներկա վիճակի սուբյեկտիվ գնահատականի հիման վրա, որտեղ օգտագործվում է 0-ից 10 միավորանոց սանդղակը։ Բուն ինդեքսը ձևավորվում է մարդկանց անձնական ընկալումներից, իսկ փաստաթղթում առանձնացվում են վեց հիմնական գործոններ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի սպասվող տևողությունը, կյանքի ընտրության ազատությունը, առատաձեռնությունը և կոռուպցիայի ընկալման մակարդակը, որոնք օգնում են պարզաբանել երկրների միջև առկա տարբերությունները։

2023-2025 թվականների տվյալներով Հայաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, ընդ որում զեկույցը նշում է, որ մեր երկիրը դասվում է բացասական էմոցիաների ամենաբարձր հաճախականություն ունեցող պետությունների առաջին տասնյակում։

Մեզ հետաքրքրող մյուս երկրների շարքում Ռուսաստանը 79-րդն է, Վրաստանը՝ 91-րդը, Թուրքիան՝ 94-րդը, Իրանը՝ 97-րդը, իսկ Ադրբեջանը գտնվում է 102-րդ տեղում։ Հատկանշական է, որ Վրաստանը ներառվել է այն հինգ երկրների ցանկում, որտեղ 2006-2010 թվականների համեմատությամբ գրանցվել է կյանքի գնահատականի ամենամեծ աճը, իսկ ԱՄՆ-ն այս անգամ զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։

Այս ցուցանիշների պատճառները բացատրելիս զեկույցը շեշտում է, որ կյանքի գնահատականի էական անկում է նկատվել հատկապես այն երկրներում, որոնք գտնվում են խոշոր հակամարտությունների գոտիներում կամ դրանց անմիջական հարևանությամբ։ Միևնույն ժամանակ փաստվում է, որ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում երիտասարդների երջանկության մակարդակը բարձրացել է, իսկ Կովկաս-Սևծովյան տարածաշրջանում սոցիալական մեդիայի օգտագործումն ամենաքիչն է բացասաբար ազդում դեռահասների բարեկեցության վրա։

Ընդհանուր առմամբ՝ երկրների միջև երջանկության մակարդակի տարբերությունների երեք քառորդը պայմանավորված է տնտեսական բարեկեցությամբ, առողջապահական վիճակով և սոցիալական փոխօգնության առկայությամբ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները