Համաշխարհային շուկաներում նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճել են՝ ավելանալով ավելի քան 26%-ով և հասնելով 2022 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակներին՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սրման ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը առավոտյան հասել է մոտ 116.8 դոլարի մեկ բարելի դիմաց՝ նախորդ առևտրի փակման համեմատ աճելով շուրջ 26%-ով։ Միևնույն ժամանակ ամերիկյան WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել են մինչև մոտ 115.8 դոլար մեկ բարելի դիմաց՝ աճելով ավելի քան 27%-ով։
Ավելի վաղ առևտրի ընթացքում Brent-ի գինը կարճ ժամանակով հասել էր մոտ 119.5 դոլարի, իսկ WTI-ի գինը՝ մոտ 119.48 դոլարի մեկ բարելի դիմաց։
Գների կտրուկ աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ և էներգակիրների մատակարարումների խափանումների մտավախությամբ։ Մասնավորապես, լրջորեն խաթարվել է նավթի փոխադրումը Հորմուզի նեղուցով, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթային մատակարարումների մոտ 20%-ը։
Տարածաշրջանի մի շարք խոշոր նավթարդյունահանող ընկերություններ արդեն հայտարարել են արտադրության կրճատման կամ մատակարարումների սահմանափակման մասին։ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը կարգավորում է ծովային հանքավայրերից արդյունահանման ծավալները, իսկ Քուվեյթի պետական Kuwait Petroleum Corp.-ը հայտարարել է արտադրության և վերամշակման կրճատման մասին՝ կապված նավերի անվտանգ անցման սպառնալիքների հետ։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերությունը դադարեցրել է Ras Tanura նավթավերամշակման համալիրի աշխատանքը՝ անօդաչու սարքերի հարվածից հետո, իսկ Կատարի QatarEnergy ընկերությունը հայտարարել է ֆորս-մաժոր հեղուկացված բնական գազի մատակարարումների մասով։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ շուկայի կտրուկ արձագանքը պայմանավորված է նրանով, որ ներդրողները դեռ չեն տեսնում Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության արագ լուծման հեռանկար։ Եթե լարվածությունը պահպանվի և Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ, ապա նավթի գները կարող են պահպանվել բարձր մակարդակներում կամ նույնիսկ շարունակել աճել։












