Իլոն Մասկի աերոտիեզերական հսկան՝ SpaceX-ը, սկսել է բանկերի հետ նախնական քննարկումները՝ պատրաստվելու հնարավոր բորսայական IPO-ին։
Reuters-ի և Bloomberg-ի տեղեկություններով՝ ընկերությունը պլանավորում է ներգրավել 25-30 մլրդ դոլար, իսկ շուկայական գնահատականը կարող է հասնել 1-1,5 տրլն դոլարի։ Եթե գործարքը կայանա, դա կլինի աշխարհի պատմության խոշորագույն IPO-ներից մեկը։
Ըստ աղբյուրների՝ SpaceX-ը նախատեսում է ներգրաված միջոցներն ուղղել տվյալների մշակման հզոր տիեզերական կենտրոնների կառուցմանը, ինչպես նաև դրանց համար անհրաժեշտ համակարգչային բաղադրիչների ձեռքբերմանը։
SpaceX-ի այս հավակնոտ գնահատականը միաժամանակ դիտվում է որպես Իլոն Մասկի պատասխան տեխնոլոգիական ոլորտի աճող մրցակցությանը, մասնավորապես՝ OpenAI-ի շուկայական գնահատականի դինամիկային, որի հետ Մասկը երկար տարիներ հակասություններ ունի, թեև SpaceX-ը վերջինիս հետ ուղղակիորեն չի մրցում։
Հիշեցնենք, որ դեռ 2020-ին Մասքը նշել էր՝ Starlink նախագծի IPO-ն հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ դրա եկամուտները դառնան կայուն ու կանխատեսելի։ Ըստ աղբյուրների՝ Starlink-ն այժմ հանդիսանում է SpaceX-ի եկամտի հիմնական շարժիչը։ Ընկերությունը 2024 թվականի արդյունքներով ակնկալում է մոտ 15 մլրդ դոլար եկամուտ, իսկ 2025-ին՝ 22-24 մլրդ դոլար, որի մեծ մասն ապահովելու է հենց Starlink-ը՝ իր ցածր օրբիտալ ինտերնետային արբանյակների համաստեղությամբ։
Մինչ այժմ միայն Saudi Aramco-ն է բորսայում ցուցադրել ավելի քան $1 տրիլիոն գնահատական․ 2019-ի դեկտեմբերին ընկերությունը հրապարակային դարձավ 1,7 տրլն դոլար շուկայական արժեքով։
SpaceX-ը այս պահին որևէ մեկնաբանություն չի տվել Reuters-ի հրապարակման վերաբերյալ։










