Deep Origin ընկերությունը հայտարարել է, որ PREDICTS կոնսորցիումի հետ ստացել է մինչև 31,7 միլիոն դոլարի ֆինանսավորում ARPA-H-ի Computational ADME-Tox and Physiology Analysis for Safer Therapeutics (CATALYST) ծրագրից։ Ծրագրի նպատակը դեղերի անվտանգության և դեղաչափերի կանխատեսման համար in silico (թվային) և ex vivo համակարգերի զարգացումն է՝ էականորեն նվազեցնելով կենդանիների վրա փորձարերի անհրաժեշտությունը։
Նախաձեռնության ռազմավարական նպատակն է ապագայում առաջին կլինիկական փորձարկումներն անցկացնել հիմնականում թվային անվտանգային տվյալների հիման վրա՝ ամբողջությամբ հրաժարվելով կենդանիների վրա փորձերից։
Deep Origin-ը տարածած հայտարարության մեջ նշում է, որ կենդանիների վրա փորձարկումները, թեև երկար տարիներ եղել են դեղերի անվտանգության ստուգման առանցքային մեխանիզմ, հաճախ չեն ապահովում մարդկային օրգանիզմի փոխազդեցությունների ճշգրիտ կանխատեսում։ Նաև երկարատև են ու թանկարժեք՝ միայն ուռուցքաբանության ոլորտում կլինիկական ձախողումները տարեկան հասնում են $50–60 միլիարդի։

PREDICTS-ը, Deep Origin-ի ղեկավարությամբ, միավորելով հաշվարկային քիմիայի, արհեստական բանականության, in vitro և ex vivo փորձարկումների ավելի քան 100 մասնագետների կմշակի բարձր ճշգրտությամբ մոդելներ՝ տարբեր օրգանների, հյուսվածքների և թունաբանական մեխանիզմների համար։
Վերջին տարիներին կենդանական փորձարկումների կարգավորող միջավայրը արմատապես փոխվում է, սահմանափակումներ են դրվում, և ընկերությունը համարում է, որ ճիշտ ժամանակն է սկսել աշխատանքները՝ ձևավորելու արագ, էթիկական և առավել կանխատեսելի դեղերի զարգացում։
Աշխատանքները կլինեն երկու փուլով՝ սկսվելով տվյալների հավաքագրումից մինչև դեղարտադրողների հետ աշխատանք։











