Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով վերջին շրջանում ակտիվացած զեղծարարության դեպքերի մասին: Սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորում ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների:
Կառույցը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ կենտրոնական բանկը երբեք նման բովանդակությամբ հայտարարություններ չի տարածում, զանգեր չի իրականացնում և հաղորդագրություններ չի ուղարկում: Ավելին, Կենտրոնական բանկը չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում, ուստի քաղաքացիների հաշիվների հետ կապված որևէ գործառույթ չի կարող կատարել:
Ֆինանսական կորուստներից և զեղծարարություններից խուսափելու նպատակով ԿԲ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն: Եթե որևէ մեկը զանգահարում կամ կապ է հաստատում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ պարտադրում է գումար փոխանցել իբրև թե ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ որևէ գործողություն կատարելուց: Խստիվ արգելվում է փոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և նման դեպքերում պետք է անմիջապես կապ հաստատել սպասարկող բանկի հետ:











