Հայաստանում պաշտոնապես գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը։ Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ՝ այս փուլում այն գործում է կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից կդառնա պարտադիր՝ բոլոր գործատուների և աշխատողների համար։ Այդ պահից սկսած աշխատանքի ընդունման, պայմանագրի փոփոխման կամ դադարեցման բոլոր գործընթացները կիրականացվեն միայն էլեկտրոնային հարթակի միջոցով։
Էլեկտրոնային պայմանագրերի ամբողջական գործառույթները հասանելի են ՊԵԿ-ի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում»։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել և ստորագրել պայմանագրեր, հրամաններ, ինչպես նաև կատարել փոփոխություններ կամ լրացումներ։ Համակարգը պարունակում է պարտադիր դաշտեր, որոնք ավտոմատ կերպով հուշում են հնարավոր բացթողումների մասին, իսկ փաստաթղթերի ստորագրումից հետո գործատուները ստանում են էլեկտրոնային ծանուցումներ։
Աշխատողները կարող են մուտք գործել համակարգ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի» միջոցով՝ «Աշխատանքային պայմանագրեր» բաժնում։ Անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով հնարավոր է դիտել, ստորագրել կամ հաստատել պայմանագրերը և ստանալ ծանուցումներ։
Թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Նշվում է, որ արդեն գործող պայմանագրերը գործատուները պարտավոր են թվայնացնել մինչև 2026 թվականի ավարտը՝ դրանք մուտքագրելով համակարգ և հաստատելով աշխատողների կողմից էլեկտրոնային ստորագրությամբ։











