Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպում է երկլեզու բիզնես ֆորում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դուբայի առևտրի պալատը, որը «Դուբայի պալատներ» կառույցի ներքո գործող երեք պալատներից մեկն է, հաջողությամբ ավարտել է իր առևտրային առաքելությունը Վրաստանում և Հայաստանում։ Առաքելության երկրորդ փուլում Պալատը կազմակերպեց մի շարք B2B հանդիպումներ Դուբայից ժամանած ընկերությունների և նրանց հայաստանյան գործընկերների համար՝ նոր համագործակցություններ ուսումնասիրելու և փոխադարձ առևտրի ու ներդրումների ընդլայնման հնարավորությունները բացահայտելու նպատակով։

Առաքելության շրջանակում Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպեց «Բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ» վերնագրով բիզնես ֆորում։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևանում ԱՄԷ դեսպանատան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Էնթերփրայզ Արմենիայի» հետ համագործակցությամբ։

Ֆորումի շրջանակում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը։ Նշանակալի ելույթներով հանդես եկան նաև Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալ Մուլլան և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսի ղեկավարներ և տեղական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին՝ բացահայտելու Դուբայի պատվիրակության անդամների հետ համագործակցության ուղիները և համատեղ բիզնես հնարավորությունները։

Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին նշեց. «Այս առևտրային առաքելությունը Հայաստան նշանակալի քայլ է կովկասյան տարածաշրջանի հսկայական ներուժը Դուբայի բիզնես համայնքի համար բացահայտելուն ուղղված մեր ռազմավարական գործողություններում: Մենք պատրաստակամ ենք Դուբայում գործող ընկերություններին տրամադրել այն հարթակները և աջակցությունը, որոնք նրանց անհրաժեշտ են ամուր միջազգային գործընկերություն ստեղծելու, համաշխարհային ասպարեզում մրցակցային առավելությունը բարձրացնելու և փոխադարձ տնտեսական աճը խթանելու համար»:

Դուբայի հետ Հայաստանի ոչ նավթային առևտուրը զգալի աճ է գրանցել՝ 2023 թվականի 14.6 միլիարդ դիրհամից հասնելով 25.7 միլիարդ դիրհամի 2024 թվականին՝ արձանագրելով տպավորիչ 76% աճ։ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ մոտ 500 հայկական բիզնես եղել է Դուբայի առևտրի պալատի ակտիվ անդամ, ընդ որում՝ 79-ը միացել է միայն 2025 թվականի առաջին կիսամյակում։

Ֆորումի ընթացքում առևտրային պալատը ներկայացրեց Դուբայի դինամիկ բիզնես միջավայրը և ընդգծեց հայկական ընկերությունների համար էմիրության մրցակցային առավելությունները: Դուբայի պալատի և «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացված զեկույցներում ընդգծվեցին երկու շուկաներում առկա նշանակալի հնարավորություններն այն ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն ընդլայնել իրենց միջազգային ներկայությունը:

Դուբայի առևտրի պալատը Դուբայից Հայաստան արտահանման համար առանձնացրել է մի շարք մեծ ներուժով ոլորտներ, այդ թվում՝ էլեկտրոնային սարքավորումներ, ավտոմեքենաներ և դրանց պահեստամասեր, գեղեցկության միջոցներ, նիկել և գործվածքներ։

Դուբայում գործող ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային ոլորտներից են սպառողական ապրանքների մանրածախ առևտուրը, փոխադրման ծառայությունները, հյուրընկալության ոլորտը, ճանապարհորդությունը և զբոսաշրջությունը, սնունդն ու խմիչքը, կերամիկան և ապակին, ինչպես նաև ինֆորմացիոն և հաղորդակցային ծառայությունները և դրանց հետ կապված խորհրդատվական ծառայությունները։

Դուբայից ժամանած պատվիրակության կազմում էին Դուբայում գործող 16 ընկերության ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, կառուցապատում և շինանյութեր, էներգետիկա և վերականգնվող էներգիա, սնունդ և խմիչք, առողջապահություն և դեղագործություն, արդյունաբերական ինժեներիա, քիմիական նյութեր, առաքումներ և փոխադրումներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները