Հոկտեմբերի 4-ին Ինժեներական քաղաքում պաշտոնապես բացվել է Բիզնես աքսելերատորի շենքը, որի նպատակն է խթանել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ և զարգացող ընկերությունների աճը։ Նախագիծն իրականացվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։
Բիզնես աքսելերատորի նորակառույց շենքը, որի բացման արարողությանը ներկա են եղել կառավարության և ոլորտի ներկայացուցիչներ, կառուցվել է Հայաստանի պետական բյուջեի աջակցությամբ։ 2024 թվականին կատարված աշխատանքների համար ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1.2 մլրդ դրամ։
Շենքի տարածքում ստեղծվել են ժամանակակից պայմաններ՝ նախատեսված ստարտափների, տեխնոլոգիական նախագծերի և նորարարական գաղափարների արագ զարգացման համար։ Տարածքը ներառում է ինչպես աշխատատեղեր, այնպես էլ աջակցող ենթակառուցվածքներ՝ փորձարկումների, վերապատրաստումների և թիմային աշխատանքի համար։
Բացման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել շենքում, որի ընթացքում ներկայացվել են կենտրոնի հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և սպասվող ծրագրերը։ Նույն օրը անցկացվել էր նաև «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել էին ինժեներական նորարարական նմուշներ և նախագծեր։
Բացի այդ, ներկայացվել է PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի տեխնոլոգիական ներուժը։
Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ձևավորելով ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ՝ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։


