ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 17-ին նվազեցրեց բազային տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով նոր միջակայք՝ 4,00–4,25%։ Որոշումն ընդունվել է՝ պայմանավորված աշխատաշուկայի դինամիկայի դանդաղմամբ և տնտեսության չափավոր սառեցման պայմաններում կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Ամերիկյան շուկան արձագանքեց բազմակողմանի․ պետական պարտատոմսերի եկամտաբերությունները փոքր-ինչ աճեցին, դոլարը ամրապնդվեց, իսկ ֆոնդային ինդեքսները ցույց տվեցին տատանումներ։ Միևնույն ժամանակ, ԴՊՀ-ը թողեց հնարավորությունը՝ ինչպես տարվա ավարտին նոր կրճատումների, այնպես էլ դադար վերցնելու՝ կախված նոր տվյալներից։
Հայաստանում նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկը պահպանեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75% մակարդակով։ Օգոստոսին գրանցված 3,6% գնաճը թույլ տվեց կարգավորողին շարունակել գնային կայունության քաղաքականությունը։ Այսպիսով, ներքին դրամավարկային քաղաքականությունը մնում է ավելի խիստ, քան ԱՄՆ-ում, ինչը արտացոլվում է եկամտաբերության կառուցվածքի և դրամային ակտիվների հարաբերական գրավչության վրա։
Պետական արժեթղթերի շուկայում վերջին թողարկումների եկամտաբերությունը դրամով պահպանվում է 9,2–9,3% միջակայքում՝ մոտ 3–4% գնաճի պայմաններում։ ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազման ֆոնին այս թղթերի գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար կարող է աճել, հատկապես եթե ամերիկյան գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը շարունակի նվազել։ Ֆինանսների նախարարության համար սա հնարավորություն է ստեղծում ավելի երկարաժամկետ թողարկումներ իրականացնել ֆիքսված տոկոսադրույքով և աստիճանաբար նվազեցնել փոխառությունների արժեքը։
Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ սեպտեմբերի կեսին կայուն է՝ պահվելով 382–384 դրամի միջակայքում մեկ դոլարի համար։ ԴՊՀ-ի որոշումը կարճաժամկետում ամրապնդեց դոլարը, սակայն միջնաժամկետ հեռանկարում՝ մեղմ դրամավարկային քաղաքականության պահպանման պարագայում, ակնկալվում է սահմանափակ ճնշում ազգային արժույթի վրա։ Հայկական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեության համար առանցքային գործոն է մնում փոխարժեքի դինամիկայի կանխատեսելիությունն ու շաբաթվա ընթացքում ցածր տատանողականությունը։
Բանկային սեկտորը 2025 թվականի երկրորդ եռամսյակում ցույց տվեց վարկային պորտֆելի 6,1% աճ՝ նախորդ եռամսյակի համեմատ։
Ներքին տոկոսադրույքի անփոփոխության և գլոբալ ֆինանսավորման հնարավոր էժանացման ֆոնին սպասվում է վարկային ակտիվության հետագա աճ։ Բանկերի համար սա նշանակում է ներգրավված միջոցների արժեքի նվազում՝ կայուն մարժան պահպանելով։ Լրացուցիչ գործոն կարող է դառնալ պարտատոմսերի պորտֆելների հնարավոր վերագնահատումը, որը կախված կլինի ամերիկյան գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության դինամիկայից։
Կրիպտոարժույթների շուկայի համար ԴՊՀ-ի տոկոսադրույքի նվազեցումն առաջին հերթին կարևոր է լիկվիդայնության գործոնի միջոցով։ Սեպտեմբերին Bitcoin-ը պահպանվում է $116–117 հազար միջակայքում, ստեյբլքոինների ակտիվությունը մոտենում է պատմական առավելագույններին, իսկ ինստիտուցիոնալ գործարքները ETF-երի և OTC ալիքների միջոցով շարունակում են աճել։ ԱՄՆ ավելի մեղմ դրամավարկային քաղաքականությունը մեծացնում է թվային ակտիվների գրավչությունը՝ որպես ներդրումների և դիվերսիֆիկացիայի գործիք։
Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգի մեկնաբանությունը արտացոլում է շուկայի ընդհանուր տրամադրությունը․
«Թվային ակտիվներում հիմնականը մնում են վստահությունն ու լիկվիդայնությունը։ Երբ փող պահելը դառնում է մի փոքր պակաս շահավետ, ներդրողները նորից դիմում են նորարարություններին, և հենց կրիպտոարժույթներն են հաճախ դառնում առաջին ընտրությունը։ Հաշվի առնելով, որ ԴՊՀ-ն ազդարարում է չափավորված մեղմացում, իսկ երկարաժամկետ եկամտաբերությունները մնում են կայուն, շուկայի առաջատարությունը կարող է ընդլայնվել խոշորագույն թոքեններից դեպի «կապույտ ֆիշկաների» ավելի լայն շրջանակ՝ ալթքոյնների շարքում»։
ԴՊՀԻ-ի որոշումը Հայաստանի համար ստեղծում է համադրություն՝ կայուն ներքին քաղաքականության և բարելավված արտաքին միջավայրի։ Պետությունը ստանում է հնարավորություն ամրապնդել փոխառությունների ցածր արժեքը, բանկերը՝ օպտիմալացնել ֆինանսավորումը և նվազեցնել շուկայական ռիսկերը, ներդրողները՝ օգտվել ազգային արժեթղթերի համեմատաբար բարձր իրական եկամտաբերությունից։ Կրիպտոշուկայի համար տոկոսադրույքի նվազեցումը ուժեղացնում է թվային ակտիվների դերը՝ որպես գլոբալ վերափոխումների պայմաններում կապիտալի վերաբաշխման հիմնական ալիքներից մեկը։