ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ գործարքներ իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հարկային վարչարարության գործընթացում առկա կարգավորումների տրամաբանության պարագայում, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել, ԱԱՀ-ն հաշվանցվել է, սակայն դրա դուրսգրմանը հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններից որևէ մեկում բացահայտվել է որևէ խնդիր, որի պատճառով հաշիվը չեղարկվել և դրա փոխարեն դուրս է գրվել նոր հաշիվ, ապա ԱԱՀ-ի մասով տույժը հաշվարկվում է առաջին հաշվի դուրսգրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից սկսած՝ ԱԱՀ-ի ամբողջ գումարի մեծության նկատմամբ։ Տվյալ կարգավորումը խնդիրներ է առաջացնում այն տնտեսավարողների համար, որոնք ծառայություններ են ստանում արտերկրյա կազմակերպություններից։ Այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան հունիսի 6-ին Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացած ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի Նիստում։
Որպես խնդրի լուծում առաջարկվեց չեղարկված և փոխարենը նորից դուրս գրված հարկային հաշիվներով (ինքնահաշվով) արտացոլված ԱԱՀ-ի նկատմամբ տույժեր հաշվարկել միայն դրանց դրական տարբերության, այլ ոչ թե ամբողջ ԱԱՀ-ի նկատմամբ։ Ինչպես նաև ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռքբերման մասով հարկային հաշվի դուրսգրման համար հիմք ընդունել ոչ թե ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրը, այլ մատակարարի կողմից այդ գործարքը հավաստող փաստաթղթի (ինվոյսի) դուրսգրման օրը։
Քննարկվող մյուսը հարցը վերաբերում էր կորպորատիվ բանկային քարտերով վճարման դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումների առավել արդարացի մեխանիզմ ստեղծելուն, որն անհարկի չի սահմանափակի վճարային քարտերի միջոցով իրականացվող գործարքներով գոյացած ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը։ Տնտեսավարողները հաճախ սեփական սպառման համար նախատեսված փոքր գնումների համար օգտվում են մանրածախ առևտրի օբյեկտներից, ինչն առավել դյուրին է, արագ և վարչարարության տեսանկյունից պակաս ծախսատար։ Օրինակ, փոքր քանակությամբ ձեռք բերվող գրասենյակային պարագաների, առաջին անհրաժեշտության իրերի կամ սննդի համար հարկային հաշիվ դուրս գրելը ժամանակատար է, գործնականում անհարմար և կիրառվում է շատ հազվադեպ։ Որպես կանոն, նման դեպքերում վճարումն իրականացվում է տնտեսավարողի բանկային քարտով, իսկ գործարքի համար տրամադրվում է ՀԴՄ կտրոն։ Սակայն ներկայումս Հարկային օրենսգրքի կարգավորումները հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն չեն նախատեսում։ Կազմակերպության կամ ԱՁ-ի կողմից վճարային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու և իր ՀՎՀՀ-ն ձեռքբերումը հավաստող ՀԴՄ կտրոնի վրա տպագրելու պարագայում այդ կտրոնը հիմք է շահութահարկի գծով ծախսի ճանաչման համար, սակայն ոչ ԱԱՀ-ի հաշվանցման համար։
Նիստի օրակարգի 3-րդ հարցը վերաբերվում էր հարկային մարմնի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառելու դեպքերի ընդլայնմանը։ ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածում սահմանված է, թե որ դեպքերում է կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում հարկային մարմինը և որ դեպքերում է, որ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց կողմից ներկայացված ԱԱՀ վճարող համարվելու հայտարարության հիման վրա իրենք իրենց հաշվառեն, որպես ԱԱՀ վճարող։ Գործնականում առաջանում են խնդիրներ այն դեպքերում, երբ ԱԱՀ վճարող համարվելու հայտարարությունը ներկայացնելու պարտականությունը դրված է տնտեսավարողի վրա։ Հակոբյանի խոսքով՝ ստացվում է որ հարկ վճարողի վրա դրվում է պարտավորություն, սակայն օրենքում արգելվում է իր իրավունքերից օգտվել՝ զուտ օրենքի տեխնիկական և ձևական պահանջը պահպանելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը տիրապետում է հարկման հիմնական համակարգ անցում կատարելու համար օրենքով սահմանված նախապայման հանդիսացող փաստերին` առաջարկվեց բոլոր դեպքերում որպես ԱԱՀ վճարող հաշվառումն իրականացնել ինքնաշխատ եղանակով՝ ՊԵԿ-ի կողմից։ Քննարկման արդյունքում Էկոնոմաիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավանություն տվեց առաջարկին: ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչներն առաջիկայում կշրջանառեն մի քանի նախագծեր, որոնցում վերը նշված հարցերը ներառված կլինեն, և անհրաժեշտության դեպքում Հայաստանի ներդրումային խորհուրդը` խորհրդի անդամների հետ համատեղ, աշխատանքային կարգով կլրամշակեն նախագծերը։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում՝