OpenAI-ը ներկայացրել է իր նորագույն արհեստական բանականության մոդելները՝ o3 և o4-mini, որոնք զգալի առաջընթաց են ապահովում տրամաբանական մտածողության, պատկերների վերլուծության և գործիքների ինտեգրման ոլորտներում։
Ի՞նչն է նոր
OpenAI o3-ը ներկայացվում է որպես «ամենաառաջադեմ» մոդելը այս շարքում՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ ծրագրավորում (այդ թվում՝ Codeforces), բարդ մաթեմատիկա (AIME 2025), բիզնես խորհրդատվություն, կենսաբանություն և ինժեներական խնդիրներ։ Այն առանձնանում է հատկապես տեսողական ընկալման կարողությամբ՝ վերլուծելով պատկերներ, դիագրամներ, գծագրեր, ինչպես նաև ունակ է քայլ առ քայլ խորքային վերլուծել և քննարկել հիպոթեզները։ Պաշտոնական չափումներով o3-ը 20%-ով ավելի քիչ լուրջ սխալներ է թույլ տալիս՝ համեմատած նախորդ o1 մոդելի հետ, հատկապես ծրագրավորման, բիզնես անալիտիկայի և գաղափարների գեներացման հարցերում։
OpenAI o4-mini-ն՝ իր հերթին, չափսերով օպտիմիզացված տարբերակ է, որը նախատեսված է արագ և մատչելի օգտագործման համար։ Այն տպավորիչ արդյունքներ է ցուցաբերում մաթեմատիկայում (հատկապես AIME 2025 թեստում՝ Python գործիքի հասանելիության դեպքում), տվյալների մշակման և տեսողական խնդիրների լուծման մեջ։ Շնորհիվ իր «թեթևության»՝ մոդելն ունի օգտագործման ավելի բարձր սահմանաչափեր, ինչը այն հարմար է դարձնում այնպիսի նախագծերի համար, որտեղ անհրաժեշտ են հաճախակի reasoning-հարցումներ։


Նոր LLM-ների առանձնահատկությունը նրանց «տեսողական մտածողության» ունակությունն է։
Սա նշանակում է, որ մոդելները կարողանում են պատկերային տեղեկատվությունը անմիջապես ներառել վերլուծության և մտածողության գործընթացում։ Այդ ունակությունը հատկապես օգտակար է, երբ աշխատում եք ուրվագծերի, գծագրերի կամ սպիտակ տախտակի վրա արված նշումների հետ։
Բացի այդ, մոդելներն ունակ են նաև փոփոխություններ կատարել պատկերների վրա․ օրինակ՝ մեծացնել, պտտել կամ վերլուծել դրանք՝ տեղեկությունը վերամշակելու և ճշգրտելու ընթացքում։
OpenAI-ը նաև նշում է, որ նոր մոդելները կկարողանան օգտագործել ChatGPT-ի բոլոր գործիքները, ներառյալ վեբ որոնումը, պատկերների վերլուծությունն ու ստեղծումը, ինչպես նաև ֆայլերի ընթերցումը։
Այս հնարավորությունները հասանելի են ապրիլի 16-ից սկսած ChatGPT Plus, Pro և Team օգտատերերի համար, որոնք օգտագործում են o3, o4-mini և o4-mini-high մոդելները։ Ամենահզոր o3-pro մոդելի գործիքային աջակցությունը սպասվում է «մի քանի շաբաթվա ընթացքում»։ Միաժամանակ, ներկայիս o1, o3-mini և o3-mini-high մոդելները աստիճանաբար կհանվեն շահագործումից՝ նշված սակագնային պլանների շրջանակներում։
Կարդացե՛ք նաև.