ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հնարավոր աճը՝ մինչև 54%, լուրջ սպառնալիք է առաջացրել Apple-ի համար, որը տարիներ շարունակ կառուցել է մատակարարման ցանցեր հենց Չինաստանում։ Փորձագետների կարծիքով՝ մաքսատուրքերի բարձրացման հետևանքով iPhone-ի գինը ԱՄՆ-ում կարող է ավելանալ մինչև 350 դոլարով։
Ներդրողները մտահոգված են Apple-ի բիզնեսի հեռանկարներով, ինչի արդյունքում վերջին երեք առևտրային օրերի ընթացքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 19%-ով կամ շուրջ 638 միլիարդ դոլարով։
Չինաստանը, սակայն, միակ երկիրը չէ, որ կարող է հայտնվել բարձր մաքսատուրքերի ազդեցության տակ․ ներմուծման նոր սահմանափակումները սպառնում են նաև Հնդկաստանին, Թաիլանդին և Վիետնամին։ Դոնալդ Թրամփի նախաձեռնած հնարավոր մաքսային փոփոխություններն, ըստ մասնագետների, անխուսափելիորեն կազդեն Apple-ի գործունեության վրա։
Թեև Nasdaq բորսայի ցուցիչը նախորդ շաբաթ նվազել էր 10%-ով՝ գրանցելով վերջին հինգ տարիների ամենավատ ցուցանիշը, երկուշաբթի օրը շուկան փոքր-ինչ վերականգնվել է։ UBS-ի վերլուծաբանները նշում են, որ եթե այժմ ԱՄՆ-ում iPhone-ի թանկ տարբերակը արժե 1199 դոլար, ապա մաքսատուրքերի բարձրացումից հետո գինը կարող է հասնել 1549 դոլարի՝ աճելով առնվազն 30%-ով։ Apple-ն, ըստ ամենայնի, կանգնելու է երկընտրանքի առջև՝ կամ բարձրացնել գները ներքին շուկայում, կամ զոհաբերել շահույթը։ Վերջին տարբերակի դեպքում մեկ բաժնետոմսի եկամուտը կարող է նվազել մինչև 15%-ով։
Եթե iPhone 16 Pro Max-ը թանկանա 350 դոլարով, ապա ավելի էժան iPhone 16 Pro մոդելի գինը՝ ներկայիս 999 դոլարից, կարող է ավելանալ 120 դոլարով, սակայն միայն այն դեպքում, եթե սմարթֆոնը արտադրվի ոչ թե Չինաստանում, այլ Հնդկաստանում։ Չնայած դրան՝ մեծամասնությունը դեռևս արտադրվում է Չինաստանում։ Որոշ աղբյուրներ տեղեկացրել են, որ մարտի վերջին Apple-ն ուղարկել է ԱՄՆ մի քանի լիարժեք բեռնաթիռ՝ հնդկական և չինական արտադրության iPhone-ներով ու այլ սարքավորումներով՝ մաքսային բարձրացումից առաջ ապրանքային պաշարներ ձևավորելու նպատակով։
Wedbush վերլուծական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե Apple-ը ստիպված լինի iPhone-ի արտադրությունը տեղափոխել ԱՄՆ, ապա սմարթֆոնի արժեքը տեղական շուկայում կարող է հասնել 3500 դոլարի։ Morgan Stanley-ի մասնագետներն էլ կանխատեսում են, որ մաքսատուրքերի աճի պատճառով ընկերությունը տարեկան կարող է կորցնել մինչև 34 միլիարդ դոլար։ Ըստ գնահատականների՝ ընկերությունը ստիպված կլինի միջինում 17-18%-ով բարձրացնել իր ապրանքների գները ԱՄՆ-ում։ Թե արդյոք Apple-ը կկարողանա ստանալ հարկային արտոնություններ ԱՄՆ իշխանություններից՝ դեռևս բաց հարց է, սակայն փորձեր արդեն արվում են։