Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք

Վերջին լուրերը
Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ներդրումային աշխարհում երկար ժամանակ տղամարդիկ են առաջատար եղել, սակայն վերջին տարիներին կանայք ակտիվություն են դրսևորում ոլորտում՝ կոտրելով կարծրատիպերը և ցույց տալով, որ սեռն այստեղ գլխավոր չափորոշիչը չէ։ Վենչուրային կապիտալիստներից մինչև CEO-ներ՝ այս կանայք ոչ միայն լավագույնն են իրենց ոլորտներում, այլ նաև նորովի են ձևավորել գլոբալ ֆինանսների ապագան։

Հոդվածում ներկայացնում ենք 5 կին ներդրողների, ովքեր մեծ ազդեցություն են թողել ֆինանսական աշխարհում։

Աբիգեյլ Ջոնսոն

Fidelity Investments ընկերության գործադիր տնօրեն

Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք

Աբիգեյլ Ջոնսոնը համաշխարհային ներդրումային ոլորտի ամենահայտնի «խաղացողներից» մեկն է։ Fidelity Investments ընկերության նախագահ դառնալուց հետո նա առանցքային դեր է ունեցել ընկերության վերափոխման գործում և նորարարական փոփոխություններ բերել մի ժամանակաշրջանում, երբ պասիվ ներդրումները վերածվում էին նորագույն տենդենցի։ 2014թ.-ին CEO նշանակվելուց հետո և 2016թ.-ին նախագահ դառնալուց ի վեր, նա Fidelity-ին առաջնորդել է դեպի նոր սահմաններ՝ ներառելով բորսայական ֆոնդեր (ETFs) և այլ պասիվ ներդրումային գործիքներ, որոնք հնարավորություն են տվել Fidelity-ին արդյունավետ մրցակցել ոլորտում։

Նրա ղեկավարման արդյունքում Fidelity-ի ակտիվները հասել են 13.7 տրիլիոն դոլարի․ անհավատալի աճ, որն ընդգծում է նրա մասնագիտական հմտությունները և ռազմավարական տեսլականը։ 2023թ.-ին Ջոնսոնն ընդգրկվել է American Banker-ի կողմից կազմված «Ֆինանսների ամենաուժեղ կանայք» ցուցակում։ Ջոնսոնի՝ նորամուծություններն առաջ տանելու և միաժամանակ ընկերության հաճախորդների առաջին մոտեցումը պահպանելու հմտությունն ընդգծում է նրա բացառիկ դերը ներդրումային աշխարհում:

Լիզ Անն Սոնդերս

Charles Schwab ընկերության գործադիր տնօրեն և ներդրումային գլխավոր ստրատեգ

Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք

Լիզ Անն Սոնդերսը ֆինանսական ոլորտի լավագույն կին ներդրողներից և ստրատեգներից մեկն է։ Charles Schwab ընկերությունում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելով՝ նա եղել է առաջատար վերլուծաբան ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրումների ոլորտում։ Սոնդերսը հայտնի է իր երկարաժամկետ ռազմավարությամբ և հաճախ խորհուրդ է տալիս ներդրողներին չհետևել շուկայի կարճաժամկետ կանխատեսումներին, այլ կենտրոնանալ սեփական նպատակների վրա և ռիսկային հանդուրժողականությանը համապատասխանող կայուն ռազմավարություն մշակել։

Սոնդերսն իր ֆինանսական կարիերան սկսել է 1986 թվականին, և այդ ժամանակից ի վեր ռազմավարական քայլերի և շուկայի վերլուծությունների շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել խոշոր ֆինանսական հրատարակություններում։ Նա ընդգրկվել է Barron’s-ի «Ֆինանսների 100 ամենաազդեցիկ կին» ցուցակում և նաև հայտնվել SmartMoney ամսագրի «Power 30»-ում։ Երկարատև ու հարուստ կարիերան, ինչպես նաև ներդրողների կրթության նկատմամբ ունեցած նվիրվածությունը Սոնդերսին դարձրել են ոլորտում կարևոր գործիչ:

Մելոդի Հոբսոն

Ariel Investments ընկերության գործադիր տնօրեն և նախագահ

Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք

Ariel Investments ընկերության գործադիր տնօրենն ազդեցիկ դեմք է ինչպես ֆինանսնական, այնպես էլ ընդհանրապես կորպորատիվ աշխարհում: Նա մեծ ներդրում է ունեցել ընկերության ռազմավարության ձևավորման գործում։ Ariel Investments-ը հայտնի է նաև բազմազանության հանդեպ իր նվիրվածությամբ, որը Հոբսոնը պաշտպանել է իր ամբողջ կարիերայի ընթացքում:

Սակայն Հոբսոնի գործունեությունը չի սահմանափակվում միայն Ariel-ում։ Նա հանդիսանում է նաև Starbucks-ի և JPMorgan Chase-ի խորհրդի անդամ, ինչպես նաև աչքի է ընկնում ֆինանսական ոլորտում իր նախաձեռնություններով։

Քեթի Վուդ

ARK Investment Management-ի գործադիր տնօրեն և գլխավոր ներդրումային ստրատեգ

Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք

Քեթի Վուդը ճանաչում է ձեռք բերել ETF ոլորտում՝ որպես ARK Investment Management-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նա հայտնի է իր համարձակ ու երկարաժամկետ ներդրումային ռազմավարություններով, որոնք կենտրոնանում են բեկումնային տեխնոլոգիաների վրա։ ARK-ն առանձնանում է իր նորարարական մոտեցմամբ ETF ներդրումներին, և Վուդը հատկապես հավատացած է, որ արհեստական բանականությամբ, գենետիկ ուսումնասիրություններով և էլեկտրական մեքենաներով զբաղվող ընկերությունները կփոխեն համաշխարհային տնտեսությունը։

Ունենալով տնտեսագետի կրթություն և միլիարդների կառավարման փորձ AllianceBernstein-ում, Վուդը, հավատարիմ մնալով իր ներդրումային փիլիսոփայությանը, թե՛ հիացմունքի է արժանացել, և թե՛ քննադատության: Այնուամենայնիվ, ARK-ի տպավորիչ առաջընթացը և խորքային հետազոտություններով իր տեսլականը ամրապնդելու Վուդի կարողությունը նրան դարձրել են իր սերնդի ամենաքննարկվող ներդրողներից մեկը:

Դեբորա Ա. Ֆարինգտոն

StarVest Partners ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն

Ներդրումային ոլորտի 5 ամենահայտնի կանայք

Դեբորա Ֆարինգթոնը ներդրումային կապիտալի ոլորտի հիմնադիրներից է։ 1998 թվականին հիմնադրել է StarVest Partners ընկերությունը, որը իգական սեռի ներկայացուցչին պատկանող ամենախոշոր վենչուրային կապիտալի ընկերություններից մեկն է ԱՄՆ-ում։ Ֆինանսական ոլորտում Ֆարինգթոնի կարիերան տասնամյակներ շարունակ դարձրել է օրինակ այն կանանց համար, ովքեր ձգտում են ինքնադրսևորվել ու կայանալ ֆինանսների ոլորտում։ StarVest-ը, ներդրումներ է կատարում տարբեր ոլորտների արագ զարգացող ընկերություններում, և բազմիցս հայտնվել Է Forbes-ի Midas ցուցակում:

Ֆարինգթոնը ֆինանսական ոլորտին ծանոթացել է իր հոր՝ Lehman Brothers-ում աշխատանքի շնորհիվ: Հետագայում նա դարձել է հաջողակ վենչուրային կապիտալիստ: 2018 թվականին արժանացել է Foreign Policy Association Centennial Medal-ին՝ ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։ Նրա նվիրվածությունը վենչուրային կապիտալին և առաջնորդությանը տղամարդկանց կողմից «նվաճված» ոլորտում նրան դարձրել են ներդրումների ոլորտում ամենաազդեցիկ կանանցից մեկը մեր օրերում:

Եզրակացություն

Այս հինգ կանայք համաշխարհային ֆինանսների առաջատարներն են և վերափոխում են ներդրումային աշխարհը: Նրանց հաջողությունն ապացուցում է, որ հաջողությունը պայմանավորված է ոչ թե սեռով, այլ հմտություններով, ռազմավարությամբ և փոփոխություններին հարմարվելու կարողությամբ:

Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները