Փետրվարի 22-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկած ծրագրի ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Ճապոնիայի և Չինաստանի փոխդեսպանները, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման համար՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել հայկական ընկերություններին ստանալ բարձրակարգ մենթորություն, ներդրումային հնարավորություններ և հասանելիություն գլոբալ շուկաներին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Plug and Play Germany GmbH»-ի գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։ Անդրադառնալով ծրագրի շրջանակում ներգրավված ստարտափներին՝ նա ընդգծել է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը հիանալի վիճակում է, քանի որ ստարտափների հիմնադիրներն ունեն նորարարական մտածողություն և համարձակ տեսլական։
Ծրագրում ընդգրկված ստարտափները ներկայացրել են իրենց գործունեությունը, որից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում «Խթանելով ինովացիոն էկոհամակարգերը» թեմայով:
Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից ընդգրկվել են 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text’nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory, Pearch AI ստարտափները, որոնց «Plug and Play»-ը տրամադրել է խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Մասնակիցներից 7-ը՝ Doccy, Biocentric. ai, Tactun, Moby, Zegashop, Prodmap. ai, Perch. ai ստարտափների ներկայացուցիչները, նոյեմբերի 19-21-ը մասնակցել են «Plug and Play»-ի Սիլիկոնյան հովտի «Ձմեռային գագաթնաժողով 2024»-ին։ Սա անչափ մեծ հնարավորություն էր նրանց համար ներկայացնելու Հայաստանը, կապեր հաստատելու, բրենդավորելու իրենց թիմերը և պրոդուկտները միջազգային հարթակներում։