Կառավարությունը հայտնել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր մոտեցման մասին։ Հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների ոլորտները կտեղափոխվեն ԱԱՀ դաշտ, սակայն մասնագիտական գործունեության մյուս ոլորտները կշարունակեն գործել շրջանառության հարկի համակարգում։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա մանրամասնել է, որ փոփոխությունն ունի մեկ կարևոր նրբություն. ԱԱՀ վճարող ընկերությունները չեն կարողանա նվազեցնել հարկվող բազան շրջանառության հարկ վճարողներից ձեռք բերված ծառայությունների մասով։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ Նրանք ներկայումս վճարում են շրջանառության հարկ, որը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին։
Հիշեցնենք, որ առևտրային գործունեության համար դրույքաչափը 5% է, իսկ արտադրականի համար՝ 3.5%։ Ընդունված փոփոխություններով 2025 թվականի հունվարից այս տոկոսադրույքները կրկնապատկվելու են, սակայն ընկերությունները կկարողանան նվազեցումներ կատարել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա։
Հարկային բարեփոխումների նոր նախագծով արդեն սահմանվել են այն ոլորտները, որոնք 2025 թվականի հուլիսից չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում։ Դրանց թվում են իրավաբանական և հաշվապահական ծառայությունները, շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործարքները, ճարտարապետական ու ինժեներական ծառայությունները։ Սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են անասնաբուժությունը և սոցիալական ծառայությունները, հանվել են այդ ցանկից։
Փոփոխությունների կիրառման ժամկետը նույնպես հետաձգվել է վեց ամսով։ Բյուջետային հաշվարկներով՝ այս փոփոխությունները տարեկան կտան շուրջ 13 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ։ Համեմատության համար՝ հունիսին ընդունված նախկին տարբերակը նախատեսում էր 17.8 միլիարդ դրամի եկամտի աճ։