SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել Երևանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ` հայտարարելով Հայաստանում Starlink-ի մոտալուտ մեկնարկի և արհեստական բանականության հնարավորությունների հետ կապված ծրագրերի մասին։
Ակնկալվում էր, որ Մասկը հանդես կգա տեսաուղերձով, բայց ներկայացրել է բացառիկ հայտարարություն, որը հոկտեմբերի 7-ին WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ ընթերցել է ամերիկահայ ձեռներեց Ռազմիկ Հովագիմյանը։
«Բարև բոլորին, ցավում եմ, որ չկարողացա այս անգամ գալ Երևան, բայց հուսով եմ, որ հաջորդ անգամ անձամբ ներկա կլինեմ: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի քանի հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու կապակցությամբ՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական ինտելեկտի զարգացում»,- ասվում է Մասկի ուղերձում:
Մասկը հաստատել է, որ հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը, որով ակնկալվում է զգալիորեն բարելավել ինտերնետ կապը հեռավոր շրջաններում։ Բացի այդ միլիարդատերը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ՝ տիեզերական հետազոտության և բաց արհեստական ինտելեկտի հետ կապված նախագծերում։