«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի շրջանակում անցկացվող միջոցառումներին զուգընթաց հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում բացվել է նոր ռեզիդենտ ընկերություն՝ Hylink Technologies-ը։
Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Hylink Technologies-ի տնօրեն Գագիկ Էվոյանը, ովքեր նախարարի գլխավորությամբ ազդարարել են Hylink Technologies-ի հանդիսավոր նորամուտը Ինժեներական քաղաք՝ կտրելով կարմիր ժապավենը։
Բացման արարողությանը մասնակցել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր։
Ներկայացնելով ընկերության գործունեությունը, տեսլականն ու ապագա ծրագրերը՝ Գագիկ Էվոյանը նշել է, որ մասնագիտացած են նորագույն հավելվածների, անվտանգության գործիքների (PKI, IPSEC, PKCS), ցանցային պրոտոկոլների (TCP/IP), իրական ժամանակում գործող ներկառուցված համակարգերի և անլար ու շարժական սարքերի հաղորդակցության համակարգերի մշակման մեջ։
Նախարարը նաև շրջայց է կատարել Ինժեներական շաբաթվա 2-րդ օրվա ընթացքում բացված ցուցահանդեսով, ծանոթացել ներկայացված 17 ինժեներական ընկերությունների արտադրանքին ու ձեռքբերումներին։ Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցությանը։