Համաձայն Informa Connect Academy-ի նոր զեկույցի՝ Tesla, SpaceX և X (նախկին Twitter) ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը մինչև 2027 թվականը: Զեկույցը հիմնված է Իլոն Մասկի հարստության տարեկան 110% աճի տեմպի վրա: Մասկի ունեցվածքը ներկայումս կազմում է 251 միլիարդ դոլար, իսկ զեկույցի շրջանառման պահին նա գլխավորել է ամենահարուստ մարդկանց ցանկը՝ ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի:
Զեկույցում նշվում է նաև, որ Հնդկաստանում բիզնես կոնգլոմերատ հիմնած Գաուտամ Ադանին կարող է դառնալ երկրորդ տրիլիոնատերը 2028 թվականին, եթե նրա տարեկան աճի տեմպը մնա 123%: Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը և Ինդոնեզիայի էներգետիկայի ու հանքարդյունաբերության մագնատ Պրաջոգո Պանգեստուն նույնպես կարող են հասնել տրիլիոնատիրոջ կարգավիճակի նույն տարում:
Բերնար Արնոն, LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի ղեկավարն ու աշխարհում երրորդ ամենահարուստ մարդը, և Մարկ Ցուկերբերգը, Meta-ի գործադիր տնօրենը, կարող են հատել մեկ տրիլիոնի շեմը 2030 թվականին:
Չնայած հսկայական հարստության կուտակումը շարունակում է հետաքրքրել հանրությանը, մի շարք գիտնականներ դա դիտարկում են որպես սոցիալական խնդիր: Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ն արտանետում է ավելի շատ ածխածին, քան աշխարհի ամենաաղքատ մարդկանց 66%-ը:
Կարդացեք նաև՝
- Ի՞նչ ներկայացրեց Apple-ը ամենամյա շնորհանդեսին. Հավաքել ենք ամենակարևորը
- Տիեզերքում գործող արբանյակների երկու երրորդը հսկվում է Իլոն Մասկի կողմից
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: