Առաջին անգամ պատմության մեջ ոսկու մեկ ձուլակտորի արժեքը գերազանցել է 1 միլիոն դոլարը: Սա տեղի է ունեցել, քանի որ ոսկու գինը օգոստոսի 16-ին աճել է՝ հասնելով նոր պատմական առավելագույնի՝ 2500 դոլարից ավելի մեկ ունցիայի համար: Ոսկու ձուլակտորները սովորաբար կշռում են 400 ունցիա (մոտ 12,5 կիլոգրամ), ինչը հենց բացատրում է դրանց՝ 1 մլն դոլարից ավել արժեքը:
2024 թվականի օգոստոսի 19-ին ոսկու գինը շուկայում մոտեցել է 2550 դոլարին մեկ ունցիայի համար: Տարեսկզբից ի վեր ոսկին թանկացել է ավելի քան 20%-ով: Այս աճին նպաստել են մի քանի գործոններ, այդ թվում՝ կենտրոնական բանկերի կողմից ոսկու ակտիվ գնումները և ԱՄՆ-ում տոկոսադրույքների հնարավոր իջեցման սպասումները:
Ոսկու նկատմամբ պահանջարկն աճում է նաև աշխարհաքաղաքական լարվածության պատճառով: Մասնավորապես, Մերձավոր Արևելքում իրավիճակը ստիպում է ներդրողներին փնտրել ավելի ապահով ակտիվներ, ինչպիսին է ոսկին:
Փորձագետները կանխատեսում են, որ ոսկու գինը կարող է շարունակել աճել: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ տարեվերջին այն կարող է հասնել 2600 դոլարի մեկ ունցիայի համար: Bank of America-ի կանխատեսումները խոսում են նույնիսկ 3000 դոլարի մասին՝ հաջորդ 12-18 ամիսների ընթացքում: Դա կարող է տեղի ունենալ, եթե ԱՄՆ-ում տոկոսադրույքները նվազեն և մեծ ինստիտուցիոնալ ներդրողների պահանջարկը մեծանա:
Այս միտումները ցույց են տալիս, որ ոսկին շարունակում է մնալ կարևոր ներդրումային գործիք, հատկապես անկայուն տնտեսական և քաղաքական պայմաններում:
Կարդացեք նաև՝
- Արժեթղթերի շուկան վերականգնվում է
- Ուորեն Բաֆեթն ավելի շատ կարճաժամկետ պետական պարտատոմսեր է կուտակել, քան ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: