Օգոստոսի 13-ին կայացավ Made by Google 2024 շնորհանդեսը, որի ընթացքում պաշտոնապես ներկայացվեցին Pixel 9 շարքի երեք նոր սմարթֆոններ, ինչպես նաև ծալովի Pixel 9 Pro Fold-ը, Google Pixel Watch 3 ականջակալներն ու խելացի ժամացույցներ։ Pixel 9 շարքի ամենահետաքրքիր նորությունները հավաքել ենք ստորև.
Google Pixel 9, Pixel 9 Pro և Pixel 9 Pro XL
Այս անգամ ընկերությունը ցուցադրել է միանգամից երեք սմարթֆոն՝ Pixel 9, Pixel 9 Pro և Pixel 9 Pro XL։
Նախ, եկեք անդրադառնանք արտաքին տեսքին: Բոլոր մոդելներն էլ, ինչպես խոստացվել էր, ստացել են նորացված դիզայն։ Նախորդ սերնդի համեմատ տեսախցիկի բլոկը դարձել է ավելի կոկիկ և այժմ այն չի զբաղեցնում հետևի կափարիչի ամբողջ լայնությունը։ Տեսախցիկները այժմ տեղադրված են առանձին օվալային բլոկում՝ առանց մետաղի: Սարքի «մարմինը» դարձել է ավելի անկյունային, փայլուն և հարթ: Իսկ դիմացի մասում Google-ը կարգի է բերել էկրանի շրջանակները. դրանք բոլոր կողմերից նույնն են: Սմարթֆոնները հասանելի են տարբեր գույներով։
Թարմացվել է նաև «միջուկը»։ Google Pixel 9 սերիայի բոլոր սմարթֆոններն օգտագործում են 4-րդ սերնդի Google Tensor G4 չիպը։ Ըստ ընկերության՝ սա իրենց «ամենաարագ և էներգաարդյունավետ պրոցեսորն է դեռևս»: Հիշողությունը նույնպես բարելավվել է։ Հիմնական մոդելն օգտագործում է 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, Pro տարբերակն ունի 16 ԳԲ, ինչպես նաև 128 ԳԲ, 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ պահեստային հիշողություն: Չափերի տարբերության պատճառով Google-ի ֆլագմանները համալրված են տարբեր մարտկոցներով, սակայն բոլոր դեպքերում արագ լիցքավորումն ապահովված է մինչև 45 Վտ հզորությամբ, ինչը թույլ է տալիս 30 րոպեում մարտկոցը լիցքավորել 0-ից մինչև 70%:Սմարթֆոնները կթողարկվեն Android 14-ով, քանի որ ընկերությունը դեռ չի հասցրել ներկայացրել Android 15-ը։
Նախորդ սերնդի համեմատ ավելացել է նաև ինքնավարությունը. խոստանում են 20 տոկոս բարելավում։ Բացի այդ, Google-ը նշել է, որ Pixel 9 Pro շարքն օգտագործում է գոլորշու խցիկի սառեցման նոր համակարգ, որը թույլ է տալիս սմարթֆոնին աշխատել առավելագույն արդյունավետությամբ։
Սմարթֆոնները ստացել են սեփական AI գործառույթների աջակցություն, որոնք միավորված են Google AI ընդհանուր անվան տակ։ Դրանք ներառում են Gemini Live-ը, որը թույլ է տալիս զրույցներ վարել բերալավված ձայնային օգնականի հետ (սա փոխարինել է Google Assistant-ին), որի համար ավելացվել են 10 նոր ձայներ։ Իսկ Pixel Studio-ի միջոցով դուք կարող եք ստեղծել և խմբագրել պատկերներ՝ օգտագործելով տեքստային հուշումները, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծել նոր նկարներ, այլև փոխել արդեն սարքում առկա պատկերները:
«Մանր մունր» բարելավումների թվում հայտարարվում է աջակցություն (և, ըստ Google-ի, առաջին անգամ Android սարքերում) Satellite SOS տեխնոլոգիան արբանյակների հետ՝ հաղորդակցվելու հնարավորություն ունենալու համար առանց բջջային ցանցի հեռավոր վայրերում: Բացի այդ, սմարթֆոնը դարձել է «երկու անգամ ավելի ուժեղ» նախորդ սերնդի համեմատ. այս հարցում օգնում է Gorilla Glass Victus 2-ը:
Շնորհանդեսի ժամանակ նաև նշվել է մատնահետքերի ուլտրաձայնային սկաները, որը պետք է լինի 50% ավելի արձագանքող և ավելի արագ, քան նախորդ մոդելները (այնտեղ օգտագործվել է օպտիկական սկաներ): Հայտարարվել է նաև սարքի յոթամյա աջակցության մասին։
Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա Pixel 9 շարքը ներկայացվել է տեսախցիկի մեջ ներկառուցված AI-ով, որը կօգնի լուսանկարել և խմբագրել պրոֆեսիոնալների պես՝ առանց որևէ տեխնիկական հմտությունների:
Սարքերը կունենան հետևի երեք տեսախցիկ՝ 50 մեգապիքսելանոց հիմնական, 48 մեգապիքսելանոց գերլայնանկյուն (անգլ. ultra wide angle) տեսախցիկ և 48 մեգապիքսելանոց հեռաֆոտո ոսպնյակ (անգլ. telephoto lens)։ Առջևի տեսախցիկը 42 մեգապիքսել է։ Հիմնական տեսախցիկը թույլ է տալիս տեսանյութ նկարահանել 8K ձևաչափով մինչև 30 կադր/վրկ արագությամբ՝ Video Bust-ի և Super Res Zoom-ի աջակցությամբ:
Google Pixel 9 Pro Fold
Ծալովի Pixel 9 Pro Fold սմարթֆոնը ներկայացվել է առանձին։ Սա շնորհանդեսին ցուցադրված արդեն չորրորդ սմարթֆոնն է։ Անմիջապես արժե նշել անվանափոխությունը։ Առաջին ծալովի սարքը պարզապես կոչվում էր Pixel Fold, սակայն այժմ անվանմանը ավելացվել է սերնդի համարը։ Թերևս, այս կերպ Google-ը ցանկանում է հեռու մնալ նախորդ ֆլագմանի ոչ այնքան հաջող փորձից:
Նոր սարքն ավելի է «բոյովացել» և «նիհարել»։ Էկրանի շրջանակները փոքրացվել են, իսկ տեսախցիկի բլոկը ստացել է նորացված դիզայն։ Այն դարձել է երկաստիճան, և նրա ձևն այնքան ձգված չէ, որքան նախորդ սերնդինը։ Ընկերության տվյալներով՝ սմարթֆոնը դարձել է «զգալիորեն թեթև և բարակ»։ Հաստությունը նախորդ տարբերակի էական թերություններից մեկն էր։
Ինչպես շարքի մյուս սմարթֆոնները, ծալովի Pixel 9 Pro Fold-ը նույնպես այժմ օգտագործում է Google-ի նոր Tensor G4 պրոցեսորը: Հիմնական տեսախցիկը չի փոխվել, բայց հայտնվել է հեռաֆոտո ոսպնյակ, իսկ գերլայնանկյուն տեսախցիկի թույլտվությունը հասել է 12 մեգապիքսելի։ Արդիականացվել են նաև առջևի տեսախցիկները։ Այժմ օգտագործվում է 10 մեգապիքսել սենսոր:
Google Pixel 9 շարքի սմարթֆոնների տեխնիկական բնութագրերն ու արժեքները կգտնեք այստեղ։
Կարդացե՛ք նաև.
- Ներկայացվել են iPhone 16-ի հիմնական բնութագրերը
- Հայտնի է դարձել աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: