Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած գործելու են հիփոթեքային վարկերի տոկոսների վճարումների մասով եկամտային հարկի վերադարձի նոր կարգավորումներ: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն, վարձու աշխատողների համար հիփոթեքային վարկի տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվի հետևյալ դեպքերում․
- 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի համար եկամտային հարկի վերադարձը չի կատարվի, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Սակայն սա չի վերաբերում Կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերին:
- 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի համար եկամտային հարկի վերադարձը կդադարեցվի Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար: Այստեղ նույնպես բացառություն են կազմում սահմանամերձ բնակավայրերը:
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ստացված հիփոթեքային վարկերի համար, որոնք ուղղված են բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ կառուցելուն, եկամտային հարկի վերադարձվող գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Սա վերաբերում է ինչպես վարկառուին, այնպես էլ համավարկառուներին:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է նաև, որ Երևանի վարչական տարածքում գտնվող, կառուցվող կամ կառուցվելիք անշարժ գույքի համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվելու: Սակայն այս սահմանափակումը չի տարածվում այն բնակարանների կամ անհատական բնակելի տների վրա, որոնք կառուցվել են կամ կառուցվում են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը տրված շինարարության թույլտվությունների հիման վրա:
Կարդացեք նաև՝
- Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին կիսամյակում Երևանում և մարզերում
- Վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ. ի՞նչ է սպասվում հիփոթեքային վարկառուներին
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: