Հայաստանում և Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ընդլայնման շրջանակներում «Թումո» տուփեր են բացվել Կապանում, Սևանում և Վայքում:
ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունելի է համարել տարբեր մարզերում 3 Թումո-տուփերի միաժամանակյա բացումը և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում զգալի կլինի կենտրոնների ազդեցությունը կրթական համակարգի բարելավման վրա։ «Շատ եմ կարևորում տուփի բացումը հենց դպրոցի հարևանությամբ։ Դա նշանակում է՝ շատ ջանք պետք է գործադրենք դպրոցը և Թումոյի ծրագրերը համապատասխանեցնելու համար՝ դրանք օգտագործելու որպես ռեսուրս, միջավայր: Վստահ եմ՝ շուտով համագործակցելու լրացուցիչ ձևեր էլ կգտնենք՝ արդյունավետ օգտագործելու ստեղծված հնարավորությունները և ռեսուրսներն ու միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին և բարերարներին:
Սևանի Թումո-տուփին արդեն իսկ հերթագրվել է 300 ուսանող. նրանցից ոմանք եկել էին՝ ծանոթանալու կենտրոնին: Մարզիչ-ուսանողները ներկայացրել են «Թումո» կենտրոնի իրենց փորձառությունը, կատարածաշխատանքները, նկարչության, ծրագրավորման, երաժշտության և այլ ոլորտների նախագծերը: Փորձառու թումոցիները սևանցի պատանիներին չվախենալու և Թումոյի կրթական ծրագրերից հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու խորհուրդ են տվել:
Միջոցառումների ընթացքում Թումո տուփերում ամենաառաջինը գրանցված կապանցի, սևանցի ու վայքեցի պատանիները ծանոթացել են կրթական ծրագրին ու հանդիպել շրջանավարտների և փորձառու թումոցիների հետ:
Թումո կենտրոններն ունեն կրթական ծրագրի կազմակերպման բոլոր հարմարությունները՝ ինքնուսուցում, դասընթացներ, աշխատարաններ, միջազգային մասնագետների աջակցություն: Թումո-տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո-տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացներին մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։