Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:
Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր, ձեռք բերելու նոր գործընկերներ, ինչպես նաև «ԷԴԵՔՍ 2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար:
Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ: Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: