OpenAI-ը՝ ChatGPT հանրաճանաչ AI չաթբոտի ստեղծողը, հայտարարել է, որ ձեռք է բերել բաց կոդով թվային արտադրանքի մշակման Global Illumination ընկերությունը: Ստարտափի գնումը լեգենդար AI ֆիրմայի առաջին հայտնի ձեռքբերումն է, հայտնում է Reuters-ը:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում, նշում է գործակալությունը։ Ստարտափի գնորդ ընկերությունն ասել է, որ Global Illumination թիմը «միացել է OpenAI-ին՝ աշխատելու մեր հիմնական արտադրանքների, այդ թվում՝ ChatGPT-ի վրա»:
Global Illumination-ը հիմնադրվել է Նյու Յորքում 2021 թվականին։ Նրա հիմնադիրներն են Թոմաս Դիմսոնը, Թեյլոր Գորդոնը և Ջոյ Ֆլինը։ Երեքն էլ նախկինում աշխատել են Meta Platforms-ի Instagram-ում։
Global Illumination-ի վերջին մշակումները կապված են բաց կոդով առցանց խաղերի տեխնոլոգիաների հետ: Ըստ Թոմաս Դիմսոնի անձնական կայքի՝ նա Instagram-ի բովանդակության դասակարգման ալգորիթմների սկզբնական կոդի համահեղինակներից է։
2023-ի փետրվարի սկզբին գեներատիվ արհեստական բանականության լեզվի մոդելի վրա հիմնված չաթ-բոտի օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի։ UBS ֆինանսական հոլդինգը ChatGPT-ն անվանել է պատմության մեջ ամենաարագ աճող հավելվածը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: