Հունիսի 9-ին իր 6-րդ տարեդարձի առթիվ BANA Angels-ը անցկացրեց BANA Day խորագիրը կրող հատուկ միջոցառում, որի նպատակն էր բացահայտել հրեշտակային ներդրումների ներուժն ու հնարավորությունները։
Միջոցառման սկզբում BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը հանդես եկավ ներածական ելույթով՝ ներկայացնելով հրեշտակային ներդրումների առանձնահատկությունները, ընդգծելով դրանց կարևորությունը նորարարության խթանման և խոստումնալից ստարտափներին աջակցելու գործում:
Սոնայի ելույթին հաջորդեց Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ Թոմաս Մազեջյանի ելույթը: Որպես փորձառու ներդրող՝ պարոն Մազեջյանը խոսեց հրեշտակ ներդրող դառնալու իր ճանապարհի մասին և արժեքավոր խորհուրդներ տվեց ապագա հրեշտակ ներդրողներին։
Այնուհետև The Syndicate by BANA-ի համահիմնադիր և ղեկավար, CP3 Ventures-ի հիմնադիր Ակսել Պիրանը և Navigator Consulting Group-ի գործադիր տնօրեն, ներդրումային խորհրդատու և հրեշտակ ներդրող Ֆիլիպ Ամերմանը կիսվեցին իրենց փորձով fireside chat ձևաչափով քննարկման ընթացքում, որը նվիրված էր ներդրումային ոլորտի և տեխնոլոգիական էկոհամակարգի մարտահրավերներին:
Բանախոսներն շոշափեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շուկայի միտումները, զարգացող տեխնոլոգիաները, ներդրումային ռազմավարությունները և տեխնոլոգիական էկոհամակարգում ամուր կապեր կառուցելու կարևորությունը: Քննարկումը վարում էր Սոնա Վեզիրյանը։
Միջոցառման վերջին հատվածում երեք ստարտափներ`AllClean, ReEducate և Stylebit, իրենց գաղափարները ներկայացրեցին հյուրերին և ներդրողներին:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: