2023թ. ապրիլի 1-ից անցում կկատարվի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին, ըստ որի քաղաքացիները պայմանագիր կնքելիս կդիտարկեն բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և ըստ դրա կկատարեն ընտրություն: Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը:
«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է: Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձեւավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չի եղել:
Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի եւ ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջեւ կապը»,- կառավարության նիստին ասել է ԿԲ նախագահը:
Ապահովագրական ընկերությունների առաջարկները ներկայացված կլինեն առցանց հարթակում, որտեղ էլ քաղաքացիները կդիտարկեն դրանք և կկատարեն ընտրությունը:
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ազատականացված համակարգի գործարկմամբ ՀՀ ավտոսեփականատերերի 56%-ի համար ապահովագրության գինը նվազելու է, 21%-ի համար մնալու է նույնը, 23%-ի համար`թանկանալու։
«Նոր կարգը եւ գնային առաջարկների տարբերությունը թույլ կտա նաեւ պետական մարմիններին ապահովագրության գնման ընթացակարգն անցկացնել բացառապես մրցութային կարգով։
Այլեւս որեւէ գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի: Կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն գինը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: