5G Հայաստանո՞ւմ. ՀԿԾՀ-ն մրցույթ է հայտարարելու Երևանում, Գյումրիում և Վանաձորում հաճախականություններ տրամադրելու համար

Վերջին լուրերը
5G Հայաստանո՞ւմ. ՀԿԾՀ-ն մրցույթ է հայտարարելու Երևանում, Գյումրիում և Վանաձորում հաճախականություններ տրամադրելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 16-ի նիստում քննարկել և ընդունել է 700ՄՀց, 800ՄՀց, 1800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու վերաբերյալ որոշումները։

Նշված մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ ցանցերի հետագա զարգացումն ու նպաստել նոր սերնդի լայնաշերտ ցանցերի ներդրմանը, մասնավորապես, ապահովել հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցի՝ առավելապես «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի ներդրումը, բարելավել փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, բարձրացնել շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու արդիականացնել անվտանգության համակարգերը, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով զարգացնել (ընդլայնել) կապի առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում հիմնել էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի նշված մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող՝ ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը։

Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 90ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով) և 1,512 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ներկայումս տարեկան շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտքերը հասցնելով ավելի քան 9,5 մլրդ դրամի։

Նախատեսվող մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 25-35 մլրդ ՀՀ դրամ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները