Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում:
HopShop-ը հավելված է՝ նախատեսված օնլայն գնում կատարողների համար։ Այն օգնում է ցանկացած նկարի կամ հոլովակի մեջ գտնել հետաքրքրող ապրանքներն ու գնել դրանք համապատասխան օնլայն խանութներից։ Նաև հնարավորություն է տալիս լուսանկարել ցանկացած ապրանք, որոնել դրանք և ձեռք բերել։
Որպես Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրի մասնակից՝ առաջիկա 6 ամսում,HopShop-ն ինտենսիվ ներգրավված է լիենելու workshop-երում (սեմինար-քննարկումներ), ստարտափ համայնքի, ներդրողների հետ հանդիպումներում` միևնույն ժամանակ հասանելիություն ունենալով համալսարանի օնլայն կրթական և այլ տեխնոլոգիական հնարավորություններին: Այս ամենը հնարավորություն կտա, որպեսզի հայ ձեռներեցների ստեղծած պրոդուկտը շարունակաբար կատարելագործվի՝ ամբողջ գործիքակազմով։
Վեցամսյա ծրագրի առաջին փուլն օնլայն է, իսկ վերջին եռամսյակում ստարտափի հիմնադիրները կանցկացնեն Իտալիայում՝ նորաձևության մայրաքաղաք Միլանում:
SkyDeck-ը ձեռնարկատիրության և ստարտափների զարգացման եզակի գլոբալ կենտրոն է Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում։ Ծրագրի շրջանակներում ստարտափները ձեռք են բերում պրակտիկ մենթորության, անփոխարինելի փորձի հնարավորություն, հասանելիություն են ստանում գիտահետազոտական լավագույն համալսարաններից մեկին և Սիլիկոնյան հովտի բիզնես համայնքի հսկայածավալ ռեսուրսներին՝ ներառյալ ներդրումներ, հետազոտական լաբորատորիաներից օգտվելու և համալսարանում ստարտափի զարգացման վրա աշխատելու հնարավորություն:
HopShop-ը միակ հայկական ստարտափն է, որը մասնակցելու է Berkeley SkyDeck-ի Եվրոպական ծրագրին: Առ այսօր ծրագրերն իրականացվել են ԱՄՆ-ում:
Ծրագրի ղեկավարները, ձեռներեցներին վեց ամիս շարունակ կծանոթացնեն ամերիկյան ու եվրոպական աշխատաշուկայի հետ, իսկ ամենօրյա workshop-երը, դասընթացները տարատեսակ թեմաների շուրջ՝ մարքեթինգ, էջերի կառավարում, ֆոնդհայթաթում, բիզնես գաղտնիքներ, կօգնեն մասնակիցներին էլ ավելի զարգանալ իրենց ոլորտում ու խորացնեն հմտությունները:
«Քանի որ HopShop-ը նորաձևության ոլորտի ստարտափ է, Միլանում գտնվելը բացառիկ հնարավություն կստեղծի ավելի արագ հասնել մեր սահմանած բիզնես նպատակներին և գրավել եվրոպական շուկան, չէ՞ որ Միլանը Եվրոպայի նորաձևության կարևորագույն կենտրոններից է: Սա շատ լավ հնարավորություն է, քանի որ անընդհատ կապի մեջ լինելով եվրոպացիների հետ կզարգացնենք նեթվորքը, ձեռք կբերենք նոր ծանոթություններ, ուղիղ կապ կունենանք աշխարհահռչակ բրենդների և խանութների հետ», – նշեց HopShop-ի համահիմնադիր Տիգրան Չախալյանը:
Կարդացեք նաև՝ Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին
Նրա խոսքով, իրենց գերնպատակներից մեկն է Էկսքլյուզիվ և երկարաժամկետ համագործակցություն հաստատել աշխարհի առաջատար բրենդների հետ, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են հենց Միլանում։ Ստարտափն այժմ համագործակցում է ավելի քան 100 ամերիկյան եվ եվրոպական բրենդների հետ: Այս պահին հավելվածի շնորհիվ հնարավոր է գտնել ավելի քան 4 միլիոն հագուստ, կոշիկ և աքսեսուար։
Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը Կարեն Գյուլբուդաղյանն է, ում շնորհիվ աքսելերատորը հատուկ տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։ Նրա օգնությամբ իրականացված փոխակերպման արդյունքում Berkeley SkyDeck-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 5 համալսարանական աքսելերատորներից մեկը։
Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափներ աշխարհի 110 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին, հետազոտողներին, լաբորատորիաներին, տրամադրում է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում ավելի քան 420 բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։ Աքսելերատոր մուտք գործած ստարտափները SkyDeck Fund-ի կողմից ստանում են ներդրումներ որոշակի մասնաբաժնի դիմաց։ SkyDeck Fund-ին աջակցում են հանրաճանաչ Sequoia, SierraVentures և Mayfield վենչուրային ընկերությունները:
HopShop հավելվածը առայժմ հասանելի է միայն AppStore ում, այն կարող եք ներբեռնել այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։