2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900,4 մլրդ ՀՀ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 3%-ով, տեղեկանում ենք ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 64 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր վճարված հարկերի չափով։ Նշենք, որ ընկերությունը 2024-ի առաջին եռամսյակում 3-րդ տեղում է եղել՝ զիջելով դիրքերը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությանը և «Գազպրոմ Արմենիա»-ին։
2024-ի առաջին կիսամյակում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը վճարած հարկերի մեծությամբ երկրորդն է՝ 32,3 մլրդ ՀՀ դրամ։ Վճարած հարկերի չափը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ։
Հաջորդում է «Գազպրոմ Արմենիան»՝ 27,6 մլրդ դրամ վճարած հարկերի չափով, որը նախորդ տարվա արդյունքները զիջում է 10%-ով։
Վճարած հարկերի չափը ավելացնելով 16,6%-ով՝ «Գրանդ Տոբակո»-ն զբաղեցրել է ցանկում 4-րդ հորիզոնականը։
Առաջին հնգյակը եզրափակել է «Փրիթի Ուեյը» ընկերությունը՝ 17,7 մլրդ ՀՀ դրամ վճարած հարկերով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 12,4%-ով։
Ցանկում հաջորդել են «Ամերիաբանկ»-ը (17,5 մլրդ ՀՀ դրամ), «Վիվա Արմենիա»-ն (10,7 մլրդ ՀՀ դրամ), «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը (9,8 մլրդ ՀՀ դրամ), «Սոֆթ Կոնստրակտ»-ը (9,3 մլրդ ՀՀ դրամ),
Խոշոր հարկ վճարողների տասնյակը եզրափակում է «Սիթի»-ն (9,2 մլրդ ՀՀ դրամ)։
Առաջին տասնյակը լքել էին «Արդշինբանկ»-ը , «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը և «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։
Վճարված հարկերից հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 766 միլիարդ 148 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 134 միլիարդ 253 միլիոն դրամ։
Կարդացեք նաև՝
- 2024թ. առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողները. Ցանկը նոր առաջատար ունի
- Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին կիսամյակում Երևանում և մարզերում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: