Գերմանական Համբուրգ քաղաքի նավահանգիստը հետաքրքրված է և կմասնակցի Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու հարցով, այս մասին Գերմանիա կատարած այցի արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք այսօր էլ վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունն առավել ևս հիմա՝ տարածաշրջանային պայմաններում, ավելի է ակտիվացել»,- նշել է նարչապետը։
Կառավարության նախագծի համաձայն՝ «չոր նավահանգիստը» կդառնա բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց՝ մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեցող տարածաշրջանային և միջազգային ընկերությունների սպասարկման համար։ Այս ամենի արդյունքում Շիրակի մարզը կվերածվի արդյունաբերական գոտու:
Ըստ նախագծի՝ Գյումրիում ստեղծվելիք «չոր նավահանգիստը» կապված է լինելու «Շիրակ» օդանավակայանի, երկաթուղու և «Հյուսիս-Հարավ» մայրուղու հետ:
Այն կներառի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող օդանավակայան, բաշխիչ կենտրոններ (հաբեր), փոքր և միջին ձեռնարկություններ, թեթև արդյունաբերության օբյեկտներ, արտադրական բազաներ, հոսքագծեր և պարենային միջազգային շուկա։










