«Armenia International Airports» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն Forbes-ին տված հարցազրույցում հայտնել է, որ վերջին երկու տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը գերազանցել է բոլոր կանխատեսումները՝ հասնելով տարեկան ավելի քան 5,5 միլիոն ուղևորի՝ մինչդեռ գործող տերմինալը նախատեսված էր 3–4 միլիոնի համար։
Ընկերությունը նախատեսում է հաջորդ տասնամյակում իրականացնել խոշոր զարգացման ծրագիր՝ կառուցելով նոր տերմինալ և գրեթե կրկնակի ընդլայնելով օդանավակայանի տարածքը։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 500 միլիոն դոլար։ Նոր համալիրում gate-երի քանակը կդառնա 6-ից մինչև 16, իսկ ժամանման, միգրացիոն և մաքսային գոտիները կկրկնապատկվեն։ Նախատեսվում են նաև նոր սպասասրահներ, ընդլայնված կայանատեղի և ավելի հարմար կապ հանրային տրանսպորտի հետ։
Նոր տերմինալը կունենա նաև ավտոմատացված անձնագրային հսկողություն և բիոմետրիկ համակարգեր, որոնք կպարզեցնեն Հայաստանի քաղաքացիների ճամփորդությունները՝ հատկապես դեպի Եվրոպա։ Նախագծի հիմնական նպատակը «Զվարթնոցը» տարածաշրջանային մրցունակ օդային հանգույց դարձնելն է։
Մարսելո Վենդեն ընդգծել է, որ ընկերությունը Կառավարության հետ համագործակցում է նոր ավիաուղիներ ներգրավելու ուղղությամբ։ Վերջերս Wizz Air-ը Երևանում բացել է իր բազան՝ երկու ինքնաթիռով, ինչը կօգնի ընդլայնել եվրոպական ուղղությունները։ Բացի այդ, ընթացքի մեջ են բանակցություններ՝ դեպի Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք չվերթներ բացելու համար։
«Armenia International Airports»-ը պատկանում է Corporación América Airports համաշխարհային կոնգլոմերատին, որի հիմնադիրն է գործարար Էդուարդո Էռնեկյանը։