YouTube-ը սկսել է փորձարկել նոր գործառույթ, որը թույլ կտա տեսանյութերի հեղինակներին ձայնային հաղորդագրություններով պատասխանել օգտատերերի մեկնաբանություններին: Այս մասին YouTube-ը հայտարարել է Reddit-ի իր պաշտոնական էջում։ Ձայնային պատասխանները հնարավոր է լսել բջջային հավելվածի միջոցով, իսկ բրաուզերում այս պահին հասանելի է միայն դրանց տեքստային տարբերակը:
Գործառույթը դեռ հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար, և YouTube-ը այն պաշտոնապես չի ներկայացրել: Պարզ չէ՝ արդյոք ձայնային մեկնաբանությունների հնարավորություն կունենան նաև օգտատերերը, թե ֆունկցիան նախատեսված է միայն վիդեոների հեղինակների կամ YouTube Premium բաժանորդների համար:
Այս նոր հնարավորության ակտիվացման համար անհրաժեշտ է մուտք գործել մեկնաբանությունների բաժին և օգտագործել ձայնագրության կոճակը հաղորդագրության դաշտում: Բացի ձայնագրումից օգտատերերին հասանելի կլինի նաև ձայնագրվածի տեքստային տարբերակը:
Ավելի վաղ ասվել էր նաև, որ YouTube-ը շարունակում է փորձարկել նոր ինտերֆեյս գլխավոր էջի համար, որտեղ թաքցված են տեսանյութերի դիտումների քանակը և հրապարակման ամսաթիվը՝ կենտրոնանալով միայն տեսանյութի և ալիքի անվանումների վրա։