YouTube-ը կարող է գործարկել անվերջ նավարկման (scrolling) ընթացքում երկար տեսանյութերի ավտոմատ նվագարկում, ինչպես օրինակ Shorts-ում է: Վերև նավարկելիս սկսվում է հաջորդ տեսանյութը, և այդպես շարունակվում է անվերջ: Փորձը, որը մեկնարկել է դեռ օգոստոսին Android-ի որոշ օգտատերերի համար, հարթակի նոր բովանդակության առաջարկությունների համակարգի փորձարկման մի մասն է:
YouTube-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլիսոն Տոհը հաստատել է փորձարկումը. «Մենք փորձարկում ենք Android օգտատերերի մի փոքր խմբի հետ, որը թույլ է տալիս նրանց նավարկել վերև՝ ինչպես պորտրետային ձևաչափով, այնպես էլ ամբողջ էկրանով նոր տեսանյութեր նվագարկելու համար»: Առայժմ թեստն ընդգրկում է սահմանափակ թվով օգտատերերի, և փաստ չէ, որ գործառույթը կներդրվի ամենուր, նշում է The Verge-ը։ Սակայն հենց նման գաղափարի հայտնվելն ազդարարում է հարթակի վրա հնարավոր փոփոխությունների մասին։
TikTok-ի նման անվերջ հոսքի ներդրումը կարող է արմատապես փոխել YouTube-ում տեսանյութեր դիտելու ձևը: Մեր օրերում օգտատերերն ընտրում են տեսանյութեր՝ ըստ շապիկի կամ վերնագրի՝ հիմնվելով առաջարկությունների կամ իրենց բաժանորդագրությունների վրա: TikTok-ում բովանդակությունը ավտոմատ կերպով նվագարկվում է, և օգտատերերը պարզապես պետք է նավարկեն լրահոսով: Այս ձևաչափը համարվում է ավելի արդյունավետ, քանի որ այն նվազագույնի է հասցնում օգտատիրոջ ջանքերը և թույլ է տալիս ալգորիթմին արագ հարմարվել վերջինիս նախասիրություններին:
Այնուամենայնիվ, նորամուծությունն ունի նաև բացասական կողմ. Անվերջ հոսքը ենթադրում է, որ օգտագործողի համար բովանդակության ընտրության հարցում հիմնական դերը կխաղա ոչ թե դիտողի կամ ստեղծողի ցանկությունը, այլ ալգորիթմը: Սա բարդացնում է բլոգերների հնարավորությունը՝ վերահսկելու, թե ինչպես են իրենց տեսանյութերը ներկայացվում հարթակում: Արդյունքում, հեղինակները ստիպված կլինեն ավելի ու ավելի կենտրոնանալ համակարգի ալգորիթմների վրա, որոնք հաճախ ուղղված են ոչ թե որակյալ բովանդակության խթանմանը, այլ դիտողի ուշադրությունը պահպանելուն:
Ամեն դեպքում, անվերջ հոսքի ձևաչափին ամբողջական անցման դեպքում YouTube-ը վտանգում է դառնալ TikTok-ի մեկ այլ տարբերակ, որը կփոխի իր էկոհամակարգն ամբողջությամբ։