Երևանում ընթանում է 20-րդ IEEE EWDTS’2024 (Արևելք-Արևմուտք, Նախագծում և Թեսթավորում) միջազգային սիմպոզիումը։
Այս տարի EWDTS24-ի նիստերի մի մասը կանցկացվեն MIF-ի (Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի) հետ համատեղ։
Հայաստանը 4-րդ անգամն է հյուրընկալում այս սիմպոզիումը, որը համախմբում է սիլիկոնային ոլորտի փորձառու մասնագետներին և գիտնականներին ամբողջ աշխարհից:
IEEE EWDTS’2024 սիմպոզիումի հիմնական նպատակն է ներկայացնել և տարածել էլեկտրոնային սխեմաների և համակարգերի ավտոմատացված նախագծման, ինչպես նաև թեսթավորման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում առկա միտումներն ու առաջընթացները Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ մասերից առաջատար և փորձառու մասնագետների և գիտնականների կողմից:
«Մեր երիտասարդ ճարտարագետներն ու գիտակրթական համայնքը փայլուն հնարավորություն կունենան աշխարհի առաջատար մասնագետներից տեղեկանալու ամենաառաջադեմ զարգացումների մասին, գիտելիքներ փոխանակելու և ընդլայնելու իրենց մասնագիտական ցանցը՝ ստեղծելով նոր կապեր: Նման կարևորության և մասշտաբի սիմպոզիումի անցկացումը Հայաստանում կրկին անգամ ընդգծում է Հայաստանի գլխավոր դերակատարումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջընթացի մեջ»,-սիմպոզիումի բացման արարողության ողջույնի խոսքում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
IEEE EWDT սիմպոզիումի նախագահ, IEEE TTTC խորհրդի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն, իր հերթին կարևորելով նման ֆորումները համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների շրջանում, ընդգծել է, որ այս տարի IEEE EWDTS’2024-ը Երևանում կմեկտեղի ներկայացուցիչներ 14 երկրից, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով:
Սիմպոզիումն իր աշխատանքները կշարունակի նոյեմբերի 13-17-ը, որի լիագումար նիստերին կներկայացվեն մի քանի տասնյակ հանգուցային ելույթներ և զեկույցներ: