Համաշխարհային բանկի վերջին տնտեսական զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 8.9 տոկոսով՝ գերազանցելով տարվա առաջին կիսամյակի 6.7 տոկոս ցուցանիշը։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել շինարարությունը, որն աճել է 26.1 տոկոսով, ինչպես նաև ծառայությունները և արդյունաբերությունը։ Արդյունաբերական արտադրության ընդլայնմանը մեծապես նպաստել են էլեկտրաէներգիայի արտադրության աճը և սննդամթերքի ու ծխախոտի արտադրության ակտիվությունը։
Զեկույցում նշվում է, որ հուլիսին դրամական փոխանցումներն աճել են 42.3 տոկոսով՝ հիմնականում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաշվին։ Աշխատաշուկայում ևս արձանագրվել է բարելավում․ գործազրկության մակարդակը տարվա առաջին եռամսյակում կազմել է 14 տոկոս՝ նվազելով նախորդ տարվա 15.5 տոկոսից։
Օգոստոսին տարեկան գնաճը հասել է 3.6 տոկոսի՝ հատկապես բարձր մնալով սննդամթերքի, կրթության և տրանսպորտի ոլորտներում։ Հայաստանի Կենտրոնական բանկը պահել է վերաֆինանսավորման 6.75 տոկոս մակարդակը՝ հայտարարելով, որ առաջիկա 12 ամիսներին այն կարող է աստիճանաբար նվազել մինչև 6.25 տոկոս։
Զեկույցում նաև ընդգծվում է, որ արտահանման և ներմուծման ծավալները շարունակել են նվազել թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման կրճատման պատճառով։ Միաժամանակ, աճել է գյուղմթերքի, պատրաստի սննդամթերքի և մեքենաների արտահանումը։ Զբոսաշրջային հոսքերը հուլիսին աճել են 11 տոկոսով, իսկ պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին գրանցել է ՀՆԱ-ի նկատմամբ 0.6 տոկոս դեֆիցիտ։