Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի մայիս ամսվա տնտեսական զարգացումների վերաբերյալ հերթական զեկույցը՝ մակրոտնտեսական միտումների, ֆինանսական կայունության և բյուջետային կարգապահության վերաբերյալ։
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականի մարտին ՀՀ տնտեսական ակտիվությունը աճել է 3.7 տոկոսով՝ նախորդ ամսվա համեմատ գրանցելով կրկնակի բարձր աճ։ Առաջին եռամսյակի կտրվածքով աճը կազմել է 4.1 տոկոս։ Աճի հիմնական շարժիչ ուժերն են եղել շինարարությունը (15.5% աճ) և ծառայությունների ոլորտը՝ բացառությամբ առևտրի (10.1% աճ)։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 25.6 տոկոս անկում՝ ոչ թանկարժեք մետաղների արտադրության կրճատման հետևանքով։
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մարտին աճել են 23.6 տոկոսով՝ հատկապես Ռուսաստանից (32%) և ԱՄՆ-ից (14%) բարձր ներհոսքերի շնորհիվ։ Իրական աշխատավարձերն աճել են մոտ 5 տոկոսով։
Ապրիլին տարեկան գնաճը կազմել է 3.2 տոկոս՝ մնալով ԿԲ-ի սահմանած 3 տոկոս թիրախից բարձր։ Գնաճի հիմնական գործոններն են եղել սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, առողջապահական ծառայությունների և տրանսպորտի գների բարձրացումները։ Այս ֆոնին ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 6-ին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75 տոկոս։
Արտահանման և ներմուծման ցուցանիշները շարունակել են նվազել՝ պայմանավորված թանկարժեք քարերի վերաարտահանման կրճատմամբ։ Մարտին արտահանումը նվազել է 65.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 51.2 տոկոսով։ Սակայն թանկարժեք քարերի բաղադրիչը հանելով՝ արտահանումն աճել է 23 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 16 տոկոսով։
Ֆինանսական հատվածում պահպանվել է կայունություն․ բանկային ավանդներն ու վարկերը շարունակել են երկնիշ աճը, չաշխատող վարկերի մասնաբաժինը մնացել է 1.5 տոկոսի սահմաններում, իսկ բանկերի ակտիվների եկամտաբերությունը հասել է 3.4 տոկոսի։
Չնայած մարտին արձանագրված 50.4 մլրդ դրամ պակասուրդին՝ եռամսյակային կտրվածքով պետական բյուջեում գրանցվել է 21.2 մլրդ դրամի հավելուրդ՝ պայմանավորված հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումով։ Ընդհանուր ծախսերը, հատկապես սոցիալական ոլորտում, զգալիորեն աճել են։
Զեկույցում ընդգծվում է նաև, որ ապրիլին ՀՀ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4 տոկոսով, մինչդեռ եվրոյի և ռուբլու նկատմամբ՝ արժեզրկվել համապատասխանաբար 4.5 և 4 տոկոսով։