Wildberries-ը նախատեսում է Հայաստանում մեծ պահեստ բացել՝ 5-7 հազար աշխատատեղով, այս մասին հայտնել է ԱՊՀ երկրների լոգիստիկայի գծով տնօրեն Մաքսիմ Գուբանովը։
Նրա խոսքով, նախագիծը զգալիորեն կազդի երկրի ողջ լոգիստիկայի վրա և հսկայական հնարավորություններ կբացի տեղի ձեռներեցների համար: Առևտուրը կդառնա ավելի հեշտ, արագ և արդյունավետ, հետևաբար և ավելի շահավետ:
«Նոյեմբերի սկզբին Երևանում բացեցել ենք տեսակավորման մեծ կենտրոն՝ 7200 քմ մակերեսով, ինչը 3 անգամ ավելի է, քան նախկինը։ Այն տեխնոլոգիական առումով ժամանակակից է, բայց բուն ենթակառուցվածքը դեռ բարելավման կարիք ունի։ Տեղացի գործընկերների հետ մենք վերակառուցել ենք հին խորհրդային շենքը։ Ծրագրվում է կենտրոններ բացել Գյումրիում, Մեղրիում և Վանաձորում, աշխատանքներն արդեն սկսվել են։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է բացել մինչև 5 տեսակավորման կենտրոն»,- ասել է Գուբանովը։
Աշխատող անձնակազմի աշխատավարձը 30%-ով բարձր կլինի միջին շուկայական դրույքաչափից, իսկ ղեկավար պաշտոնի դեպքում՝ զգալիորեն բարձր շուկայականից։
Գուբանովը նաև նշել է, որ Ռուսաստանում հայկական ապրանքները հաջողությամբ վաճառվում են։ Մասնավորապես՝ շուկայում պահանջարկ ունեն պարենային ապրանքները, հագուստը (հատկապես մանկական), կոշիկը, անկողնային սպիտակեղենը։ Հայաստանն ունի հսկայական ներուժ՝ ապրանքներն արժանի պահանջարկ ունեն և մրցունակ են։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: