ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Կառավարությանը
ՀՀ Ազգային ժողովին
Web3 Հայաստան հիմնադրամի կողմից
Հարգելի՛ գործընկերներ,
Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը շարունակում է հետևել գլոբալ զարգացումներին, որոնք վերափոխում են ֆինանսական համակարգերի հիմքերը: Վերջին տարիներին մենք բազմիցս անդրադարձել ենք բիթքոյնի և կրիպտոարժույթների ռազմավարական ներուժին՝ առաջարկելով դրանք դիտարկել որպես Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական գործիքներից մեկը։ Այսօր, սակայն, մենք կանգնած ենք վճռորոշ պահին, երբ առաջնորդվելն առավել քան անհրաժեշտ է։
Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ տեղի է ունենալու Միացյալ Նահանգների տնտեսության համար թվային ակտիվների, մասնավորապես բիթքոյնի և այլ կրիպտոարժույթների, մասշտաբային ձեռքբերում։ Համաձայն այդ նախաձեռնության՝ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է ձևավորել ազգային թվային ակտիվների ռեզերվ՝ միտված ամերիկյան տնտեսության պաշտպանվածության բարձրացմանը և ֆինանսական կայունության ապահովմանը։
Թրամփի հրամանը միտված է ոչ միայն բիթքոյնի մասշտաբային գնումներին, այլև կրիպտոարժույթների համար բարենպաստ օրենսդրական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելուն: Այն ներառում է մի շարք հանձնարարականներ, որոնք ուղղված են Ամերիկայի ազգային անվտանգության և տնտեսական գերազանցության պահպանմանը թվային ակտիվների միջոցով:
Այս նախաձեռնությունը ընդգրկում է հետևյալ առանցքային կետերը.
1. Բիթքոյնի և այլ թվային ակտիվների ստրատեգիական գնումներ:
Թրամփի հրամանը պահանջում է ստեղծել կրիպտոարժույթների հատուկ ֆոնդ, որը կհամալրվի բիթքոյնով և այլ թվային ակտիվներով՝ Միացյալ Նահանգների ֆինանսական ռեզերվը բազմազանացնելու նպատակով: Այս ֆոնդի նպատակն է նվազեցնել դոլարի վրա հիմնված ռեզերվների ռիսկերը՝ ապահովելով ավելի լայնամասշտաբ տնտեսական կայունություն:
2. Կրիպտոարժույթների օրենսդրական կարգավորման բարելավում:
Գործադիր հրամանը նախատեսում է մշակել նոր օրենքներ, որոնք կհեշտացնեն կրիպտոարժույթների կիրառումը պետական և մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային առևտրի և ներդրումների մեջ։
3. Կրթական և ինստիտուցիոնալ զարգացումներ:
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է խթանել կրիպտոարժույթների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, կրթական ծրագրերը և հետազոտական նախաձեռնությունները: Սա նպատակ ունի ամրապնդել Ամերիկայի դիրքերը որպես համաշխարհային ֆինանսական նորարարության առաջնորդ:
4. Գլոբալ ազդեցության ընդլայնում:
ԱՄՆ-ն պատրաստվում է ուժեղացնել իր դիրքերը միջազգային մակարդակում՝ ներգրավվելով համաշխարհային կրիպտո-համագործակցության մեջ և խթանելով բիթքոյնի որպես գլոբալ արժույթի դերը:
Ինչո՞ւ է սա Հայաստանի համար կարևոր
Թրամփի նախաձեռնությունը հստակ ցույց է տալիս, որ աշխարհն անցնում է ֆինանսական համակարգի գլոբալ վերափոխման։ ԱՄՆ-ի նման խոշորագույն պետությունը քայլեր է ձեռնարկում բիթքոյնի օգտագործումը պետական մակարդակով ներդնելու ուղղությամբ, և սա հստակ ազդանշան է աշխարհի մնացած երկրների համար։
Նախկինում մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ռեզերվ ձեռք բերելու համար ունենք քիչ ժամանակ և Թրամփի` նախագահ նշանակվելուն պես արվելու է նման գործողություն ԱՄՆ-ում: Հիմա արդեն նորանշանակ Թրամփը կատարել է վճռորոշ քայլը, և պետք է շտապ հետևել նրա օրինակին:
Եթե Հայաստանը չգործի այս պահին, մենք ռիսկի ենք դիմում դուրս մնալու այս ֆինանսական նորարարական ալիքից։ ԱՄՆ-ի նախաձեռնության ավարտին բիթքոյնի գինը կտրուկ կբարձրանա, իսկ միջազգային շուկաներում դրա հասանելիությունը՝ կնվազի։ Սա մեզ համար կլինի չօգտագործված հնարավորության կորուստ՝ տնտեսական անկախության և զարգացման առումով։
Մենք կրկին դիմում ենք ՀՀ կառավարությանը՝
• Բիթքոյնը ներառելու ազգային ֆինանսական ռազմավարությունում, որպես կարևորագույն ռեզերվային ակտիվ։
• Ապահովելու այս ոլորտում օրենսդրական կարգավորումներ՝ դարձնելով Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական նորարարությունների և ներդրումների համար։
• Մշակելու գործողությունների հստակ պլան, որը կներառի ինչպես ներդրումային, այնպես էլ կրթական բաղադրիչներ։
Դիմելով այս քայլերին, Հայաստանը կարող է դառնալ բիթքոյնի և կրիպտոարժույթների առաջատար կենտրոն՝ տարածաշրջանում և դրանից դուրս։
Հարգանքով,Web3 Հայաստան հիմնադրամ