Համաշխարհային բանկի վերջին՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (GEP) զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճ գրանցել, թեև տեմպերն աստիճանաբար դանդաղելու են:
2023 թվականին Հայաստանն արձանագրել է 12.6% տնտեսական աճ, որը 2024-ին նվազել է մինչև 8.3%: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, այս միտումը շարունակվելու է՝ 2025 թվականին հասնելով 5.0%-ի, իսկ 2026-ին՝ 4.6%-ի: Նախորդ տարիների բարձր աճը պայմանավորված էր միջազգային առևտրի վերաարտահանումների ավելացմամբ, զբոսաշրջիկների հոսքի նշանակալի աճով և աշխատավարձերի բարձրացմամբ: Սակայն զեկույցում նշվում է, որ այս գործոնների ազդեցությունը 2025 թվականին նկատելիորեն թուլանալու է:
Անկախությունից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցում: Զեկույցի տվյալների համաձայն՝ 2000 թվականին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտը կազմել է ընդամենը 640 ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին այս ցուցանիշն աճել է մինչև 7,330 ԱՄՆ դոլար:
Համաշխարհային բանկը նշում է մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել Հայաստանի տնտեսական աճի վրա, այդ թվում՝ գլոբալ անորոշությունները, Ռուսաստանի տնտեսության հնարավոր անկումը, որը կարող է հանգեցնել դեպի Հայաստան դրամական փոխանցումների նվազման, արտահանման շուկաների սահմանափակման և ներդրումային հոսքերի կրճատման:
Չնայած առկա մարտահրավերներին, զեկույցում նշվում է, որ Հայաստանն ունի զարգացման նշանակալի ներուժ․ կարող է ներդրումներ ներգրավել տեխնոլոգիական ոլորտում, ծառայությունների ոլորտում և ինովացիոն ենթակառուցվածքներում: Այս ուղղություններով ներդրումները կարող են խթանել տնտեսության դիվերսիֆիկացիան և նվազեցնել երկրի կախվածությունը արտաքին գործոններից:
Համաշխարհային բանկի զեկույցը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, սակայն կոչ է անում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ՝ երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար: