ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մայիսի 24-ի նիստի արդյունքում բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։
ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ։
Կենտրոնական բանկի Խորհուրդը կարևորում է ՎՖԲ-ի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրող, մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կհանդիսանա հայկական և լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։
ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։